Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում ընթացող բազմազգ զորավարժություններին


Զորավարժություններին, ըստ թուրքական աղբյուրների, շուրջ 900 զինվորականներ են մասնակցում:

Թուրքիա, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա․ սա է Իզմիրի մերձակայքում գտնվող «Դողանբեյ» զորավարժարանում ընթացող Efes 2016 միջազգային զորախաղերին մասնակցող պետությունների ոչ ամբողջական ցանկը:

Զորավարժությունների այսօր մեկնարկած ամփոփիչ փուլը դիտարկելու համար Իզմիր են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երկրի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Զորավարժությունների սցենարի համաձայն, դրանց մասնակցող ստորաբաժանումները պետք է ազատագրեն պայմանական հակառակորդի հսկողության տակ գտնվող կղզին: Դատելով թուրքական աղբյուրների հրապարակած մանրամասներից` զորավարժությունների ընթացքում խաղարկված սցենարը հիշեցնում էր «Աթիլլա» գործողությունը, որի արդյունքում 1974 թվականին թուրքական բանակը գրավեց Կիպրոսի հյուսիսային հատվածը:

Զորավարժությունների առաջին փուլում թուրքական, ադրբեջանական, լեհական և սաուդյան ստորաբաժանումները դեսանտային նավերից ափհանում իրականացրեցին` կիրառելով նաև «Կոբրա» տեսակի ուղղաթիռներ և F-16 ռազմական օդանավեր:

Ուշագրավ է, որ լայնածավալ այս զորավարժությունները կազմակերպիչների համար նաև առիթ են՝ փորձարկելու Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը: Զորավարժություններում, առավելապես ամերիկյան և բրիտանական արտադրության զինատեսակներին զուգահեռ, կիրառվում են նաև թուրքական արտադրության Altay տանկերը:

Իզմիրի զորավարժություններին զուգահեռ, կենտրոնական Թուրքիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Կոնյայում, երեկ մեկնարկեցին «Անատոլիական արծիվ» կոչվող ռազմաօդային վարժանքները, որոնց թուրքերի հետ միասին մասնակցում են նաև Ադրբեջանը, Լեհաստանը, Պակիստանը, Իտալիան և մի շարք այլ պետություններ ներկայացնող ռազմական օդաչուներ:

Մինչ Ադրբեջանի զինված ուժերը հետևողականորեն ամրապնդում են կապերը թուրքական զինվորականության հետ, Բաքվում շարունակում են վերլուծել ապրիլյան պատերազմի արդյունքները: «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում բաքվեցի ամենահայտնի ռազմական փորձագետներից մեկը` Ուզեիր Ջաֆարովը, կոչ է անում ադրբեջանական հանրությանը ավելորդ ոգևորության գիրկը չընկնել․ - «Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունում իրականացված կադրային փոխատեղումները հայաստանյան ղեկավարության կողմից արված լուրջ հետևությունների վկայությունն են: Պաշտոնական Երևանը ակնհայտորեն չի վախենում ընդունել, որ ռազմական գործողությունների ընթացքում լուրջ խնդիրների և ձախողումների է բախվել: Մենք էլ պետք է նույն կերպ վարվենք»:

Ջաֆարովը հավելել է․ - «Հարկավոր է լրջորեն վերլուծել ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների չհամաձայեցված բնույթն ու որոշումների կայացման ընթացքում ցուցաբերվող դանդաղկոտության դեպքերը: Հարկավոր է հստակ գնահատական տալ ռազմական հետախուզություն վարչության խնդրահարույց գործողություններին: Նախևառաջ, սակայն, պետք է հստակեցվի ապրիլին ադրբեջանական կողմի կրած զոհերի քանակը: Ապրիլին եղել են զգալի կորուստներ, որոնցից կարելի էր խուսափել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG