Մատչելիության հղումներ

Լեհաստանը մտադիր է վերաբացել Պոլանսկիին ԱՄՆ-ին արտահանձնելու գործընթացը


Ռոման Պոլանսկի և Սամանթա Գեյմեր
Ռոման Պոլանսկի և Սամանթա Գեյմեր

Լեհաստանը վերաբացելու է ռեժիսոր Ռոման Պոլանսկիին Միացյալ Նահանգներին արտահանձնելու գործընթացը:

Պոլանսկին մեղադրվում է 1977 թվականին անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Արդարադատության նախարար Զբիգնև Զեբրոն լեհական ռադիոկայանի եթերում հայտնել է, որ դիմելու է Գերագույն դատարանին խնդրանքով՝ չեղարկել նախորդ որոշումն այն մասին, որ Պոլանսկին չպետք է հանձնվի ԱՄՆ-ին:

Անցած տարվա հոկտեմբերին Կրակովի դատարանը վճռել էր, որ Պոլանսկին չպետք է արտահանձնվի Միացյալ Նահանգներին, և դատախազները «արդարացված» գնահատեցին այդ որոշումը: Այն ժամանակ կրակովյան դատարանը կոշտ քննադատության ենթարկեց ռեժիսորի գործով ԱՄՆ-ի նախաքննությունը` հայտարարելով, որ ամերիկյան դատախազները ոտնահարում են «արդար դատական գործընթացների կանոնները»: Պոլանսկիի փաստաբաններից մեկը հայտարարել էր, որ որոշումը «վերջ է դնում» ֆրանս-լեհական ծագման 82-ամյա ռեժիսորի դեմ իրավական գործընթացներին:

Ռոման Պոլանսկին մինչ օրս ԱՄՆ-ում հետախուզման մեջ է: Ամերիկյան դատախազությունը նրան մեղադրում է 39 տարի առաջ Լոս Անջելեսում նկարահանումից հետո Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեջ: Վերջինս այն ժամանակ 13 տարեկան էր, իսկ Պոլանսկին՝ 43: Աշխարհահռչակ ռեժիսորը նախաքննության ընթացքում խոստովանել էր, որ անչափահասի հետ սեռական կապ է ունեցել, իսկ մինչև գործի դատարան մտնելը փախուստի դիմել ԱՄՆ-ից՝ խուսափելով ազատազրկումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG