Մատչելիության հղումներ

Մեդվեդև. Պետք է ապահովել ռուսական զենքի մրցունակությունը շուկայում


Ռուսական արտադրության T-90 տանկ

Ռուսական արտադրության T-90 տանկ

Ռուսաստանը պլանավորում է չորս տարում մոտ 17 միլիարդ դոլար ծախսել ռազմարդյունաբերական բնագավառում։

Ռուսաստանը պլանավորում է 2016-2020 թվականների ընթացքում ավելի քան 1.5 տրիլիոն ռուբլի ծախսել ռազմարդյունաբերական բնագավառում։ Այս մասին երկուշաբթի օրը ասել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է այս ծրագիրը, նախատեսվող ծախսերը։ Երեկ նա հանդիպել էր իր տեղակալների՝ փոխվարչապետերի հետ, հանդիպման ժամանակ էլ ասել է, որ հիմա Ռուսաստանի ամբողջ բանակը վերազինելու աշխատանքներ են ընթանում։ «Զինված ուժերը, ռազմածովային ուժերը վերազինվում են նոր տեսակի սպառազինություններով։ Որոշակի նպատակներ կան, որոնք պետք է իրականացվեն», - հանդիպմանն ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ պետք է ապահովել զենքի վաճառքի շուկայում ռուսական զենքի մրցունակությունը։

Դմիտրի Մեդվեդևի խոսքով, զենքի միջազգային շուկայում Ռուսաստանի արդյունքները վատը չեն՝ Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, և այդ դիրքը պետք է պահպանել։

Ծրագիրն ապահովելու համար Ռուսաստանի կառավարությունը ռազմարդյունաբերական բնագավառին բյուջեից հատկացումներ է կատարելու։ Ռոգոզինը նշել է, թե կառավարությունը չորս տարվա ընթացքում 1.5 տրիլիոն ռուբլուց ավելի հատկացումներ է ուղղելու ռազմարդյունաբերությանը։

Այս ծրագրի նպատակներից է նաև կազմակերպել, իրականացնել ռազմական նշանակության այն ապրանքների արտադրությունը, որ մինչև պատժամիջոցները նախկինում Ռուսաստանը ստանում էր ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, Եվրամիությունից, կամ Ուկրաինայից։ Ցանկանում են, որ նախկինում դրսից ստացվող ռազմական նշանակության ապրանքները կարողանան փոխարինել սեփական՝ տեղական արտադրանքով։

Ռոգոզինն այդ թվում նշել է ծովային և ավիացիոն գազատուրբինային արտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունը։ Նա ասել է, որ նախկին Միության ժամանակ էլ դրանց արտադրությունը գտնվում էր Ուկրաինայի տարածքում։ «Հիմա մենք զարգացնում ենք այդպիսի շարժիչների արտադրությունը, որը նույնիսկ Խորհրդային Միությունում չէր արտադրվում», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

XS
SM
MD
LG