Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են գեներալ Մելսիկ Չիլինգարյանը և երկու գնդապետ


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Չիլինգարյանը զբաղեցրել է Զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնը, որից ազատվել է նախագահի մայիսի 20-ի հրամանագրով:

Երեկ ուշ երեկոյան ձերբակալված 3 բարձրաստիճան զինվորականների քրեական գործերով Քննչական կոմիտեում ապրանքագիտական փորձաքննություններ են նշանակվել։ Ձերբակալված գեներալը և երկու գնդապետերը բանակի սպառազինության և մատակարարման ոլորտի պատասխանատուներ են։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե տվյալներ կան, որ մատակարարված ապրանքի որակը չի համապատասխանել տեխնիկական պահանջներին, կամ գինը ինքնարժեքից բարձր է եղել․ - «Խոսքը գնում է մատակարարված ապրանքների որակի մասին, ինչպես նաև շուկայական գներն են վիճարկվում: Նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար»:

Ապրիլյան 4-օրյա պատերազմական գործողություններից հետո իրավապահները առաջին անգամ են բարձրաստիճան զինվորականների ազատազրկում։ Երեկ ձերբակալված ամենաբարձրաստիճան պաշտոնյան՝ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը մոտ 10 օր առաջ էր ազատվել Պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնից։

Ձերբակալվածների թվում է նույն վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը։

«Գեներալ-մայոր Չիլինգարյանը և գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու մեջ, որ առաջացրել է ծանր հետևանքներ», - փոխանցեց Տռուզյանը:

Ձերբակալված երրորդ պաշտոնյան Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանն է, ով կասկածվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Սոնա Տռուզյանը ասաց, որ այս գործով նույնպես ապրանքագիտական փորձաքննություն է անցկացվում, և խոսքը մոտ երկու տասնյակ ապրանքատեսակների մասին է։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը ասաց նաև, որ պաշտոնյաներին 72 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրվի, կամ նրանք ազատ կարձակվեն։ Նա հրաժարվեց պատասխանել, թե որքանով են այս ձերբակալությունները ապրիլյան իրադարձությունների հետ կապված։

Պաշտպանության նախարարությունը բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների մասին լռում է: Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը ասաց, որ հրաժարվում են մեկնաբանել։

Ձերբակալված գեներալ Չիլինգարյանի ղեկավարած սպառազինության վարչությունը, ըստ Պաշտպանության նախարարության կայքէջի, զբաղվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի ամբողջական հաշվառման, տեխնիկական սպասարկման, վերականգնման, արդիականացման, թարմացման, պաշարների կուտակման և պահպանման գործով:

Վերջերս Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները մի շարք փակ հանդիպումներ էին ունեցել բարձրաստիճան զինվորականների՝ այդ թվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։

Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե կարծում է, որ ուժային կառույցում կոռուպցիոն սխեմա է բացահայտվել․ - «Ավելի ծավալի բան չեմ կարող նշել այսօր, քան փաստը, որ կոռուպցիոն սխեմաների պատճառով այսօր Պաշտպանության նախարարությունում նման ձերբակալություններ են լինում: Առավել ևս՝ խոսքը գնում է սպառազինությունների վարչության պետի և համապատասխան վարչության ավտովարչության պետի մասին: Բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում վարչության պետի գործառույթները․․․ Ես, անշուշտ, գտնում եմ, որ այսօր շատ կարևոր է, որ այսօր գոնե մանրակրկիտ ուսումնասիրվում է․․․ եթե գոնե ուսումնասիրվում է»:

Նույն հանձնաժողովի մեկ այլ անդամ Թևան Պողոսյանն ընդգծեց թափանցիկ քննության անհրաժեշտությունը՝ կարծիք հայտնելով, որ այս պաշտոնյաները միայնակ չեն գործել, և նրանց որոշումները հաստատել են ավելի բարձրաստիճան զինվորականներ:

Քննչական կոմիտեում հրաժարվում են ասել, թե հնարավոր են արդյոք նոր ձերբակալություններ: Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ քննությունը դեռ շարունակվում է:

XS
SM
MD
LG