Մատչելիության հղումներ

Խորհրդարանում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ թեժ բանավեճ ծավալվեց պատգամավորների և գործադիրի ներկայացուցիչների միջև:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մտահոգություն հայտնեց բաց երկնքի քաղաքականության արդյունքների վերաբերյալ, նշելով, թե փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիրը չունի ազգային փոխադրող, իսկ ռուսական ավիաընկերությունները Հայաստանից դուրս են մղել շատ խոշոր փոխադրողների:

«Բաց երկնքի քաղաքականություն այդքան ասելով՝ ավերվեց այդ դաշտն ու գոյություն չունի», - հայտարարեց պատգամավորը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց՝ ավիացիայի ոլորտը ավերված չէ․ - «Ավերվածության չափման գնահատականը ո՞րն է: Եթե դուք նկատի ունեք, որ այսօր բաց երկնքի քաղաքականության շրջանակներում մենք ունենք ավելի շատ ավիափոխադրողներ երկրում և սպասվում է խոշորագույն օտարերկրյա փոխադրողների մուտք Հայաստան, որի արդյունքում ձեր իսկ կողմից նշված գերիշխող դիրք ունեցող ռուսական ավիափոխադրողների համար մրցակցության միջավայր է ձևավորելու, ես համաձայն չեմ, որ դա ավերածություն է»:

Քոքոբելյանը արձագանքեց․ - «Ավերածություն ասելով ուզում եմ ասել, որ ամենաեկամտաբեր ճյուղը միանգամից դառելա ամենա ոչ եկամտաբերը, պարտքերա գոյացել»:

«Դրա մեղավորը հաստատ բաց երկնքի քաղաքականությունը չի, իմ ասածը սա է», - պատասխանեց էկոնոմիկայի նախարարը:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց՝ տնտեսական անհավանական ցուցանիշներ են կողք կողքի ներկայացվում․ - «Հիմա, ասում եք, 1.2 միլիոն մարդ է եկել: Ես ուզում եմ հասկանալ՝ այդ 1.2 միլիոն մարդու գալու դեպքում ինչո՞ւ է մեր սպառումը ընկնում, ինչո՞ւ է մեր հյուրանոցների գները բարձրանում, ինչո՞ւ է մեզ մոտ անշարժ գույքի գինը ընկնում: Այս ի՞նչ է տեղի ունենում: Օրինակ՝ ես գիտեմ, որ դրանք հակառակ էֆեկտներ պետք է տան: Սա ի՞նչ ֆոկուս է»:

Էկոնոմիկայի նախարարը հորդորեց չմոռանալ, որ գնանկում է եղել՝ այդ պատճառով է ստացվել վիճակագրական այդ պատկերը:

Վարդան Այվազյանն առարկեց․ - «Դուք ինձ ասում եք՝ գնանկումը բերել է սպառման շրջանառության մոտավորապես 26 տոկոսի անկմա՞ն: Չեմ հավատում, մի քիչ թվերը անհամեմատելի են»:

Այվազյանը նաև քննադատեց մաքսային ծառայության քաղաքականությունը, ասաց՝ երրորդ երկրներից ներկրվող մեքենաների համար պետք է հանել ավելացված արժեքի հարկը, որպեսզի Եվրասիական միության երկրների քաղաքացիները սկսեն Եվրոպայից կամ միության անդամ չհանդիսացող այլ երկրներից մեքենա ներկրել Հայաստանի միջոցով:

XS
SM
MD
LG