Մատչելիության հղումներ

logo-print

Էկոնոմիկայի նախարարը շաքարի մենաշնորհը օրենքով ամրագրելու հնարավորություն է տեսնում


Ախուրյանի շաքարի գործարանը, արխիվ

Ախուրյանի շաքարի գործարանը, արխիվ

Արծվիկ Մինասյանի կարծիքով, դա կարելի է անել՝ շաքարի գործարանին որոշակի պայմաններ առաջադրելու պարագայում:

Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ կգա՞ մի օր, որ հայաստանյան շուկայում կվերանա բանանի, շաքարի մենաշնորհը, նախարարը, մասնավորապես, ասաց․ - «Ես անկեղծորեն մի բան պետք է ասեմ, գիտեմ, որ սա լուրջ քննադատությունների առարկա կարող է դառնա: Մենք Հայաստանում ունենք շաքարի գործարան, և շաքարի գործարանն այսօր աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսով: Հիմա, երբ այս գործարանն աշխատում է իր հզորությունների 25-30 տոկոսի չափով և հումքը վերամշակում է, ստանում է շաքար, հարց է՝ արդյո՞ք ճիշտ է, որ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չթողնենք աշխատի, թե՞ ավելի լավ է դու օրենքով ճանաչես իրեն մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Օրինակ՝ դու պետք է աշխատես առնվազն 90 տոկոս հզորությամբ, դու պետք է ապահովես նվազագույնն այսքան աշխատատեղ, դու պետք է ապահովես առնվազն էսքան պետական բյուջեի մուտքեր ըստ կանխատեսումների, դու պետք է ապահովես թափանցիկություն, դու պետք է, օրինակ, քո բաժնեմասի 20 տոկոսը շրջանառես բորսայում, որպեսզի լինես հրապարակային, բաց, թափանցիկ ընկերություն: Այդ դեպքում, նույնիսկ անկախ այն բանից, թե ովքեր են սեփականատերերը, բաժնետերերը, նույնիսկ պետությունը գուցե աջակցի այդպիսի ընկերությանը արտահանում կազմակերպելու»:

Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը բացվել է 2010 թվականի հոկտեմբերին: Գործարանը հնարավորություն ունի վերամշակելու ինչպես կիսաֆաբրիկատ հումքը, այնպես էլ տեղում աճեցված ճակնդեղը:

Գործարանի բացումից տարիներ անց՝ այս տարվա մարտին, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր առել այն փաստը, թե Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում շաքարավազ է արտադրվում: Փաշինյանը չէր բացառել, որ Ալեքսանյանը, ով համարվում է հայաստանյան շուկայում շաքարավազի մենաշնորհային ներմուծողը, իրականում պատրաստի շաքարավազ է ներկրում, բայց բարձր մաքսատուրքերից խուսափելու համար այն որպես հումք է ձևակերպում, որը, իբրև թե, վերամշակվում է գործարանում: Հակադարձելով Փաշինյանի այս հայտարարություններին՝ Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, թե արդեն 4-5 տարի է ինքը շաքարավազ չի ներկրում, Բրազիլիայից շաքարեղեգի հումք է ներկրում և այն մշակում է Ախուրյանի գործարանում: Նա նաև հայտարարել էր, թե գործարանը տարեկան 80 հազար տոննա շաքարավազ է արտադրում, որը լրիվ բավարարում է հայաստանյան շուկայի պահանջները:

Այսօր Էկոնոմիկայի նախարարի հետ զրույցում ի պատասխան «Ազատության» դիտարկման, թե՝ կասկածներ կան, որ գործարանը իրականում շաքար չի արտադրում, այլ պարզապես վերափաթեթավորում է ներկրված շաքարը, Արծվիկ Մինասյանը վստահեցրեց․ - «Այդ՝ «կասկածներ կան» ժանրից մի քիչ դուրս գանք, որովհետև եթե այլ փաստ չունենք՝ կասկածի վրա չհիմնվենք մեր գործողությունների համար: Մենք ստանում ենք նաև ինֆորմացիա շաքարի եղեգի հումքի ներմուծման մասին, որը, ի դեպ, ԵԱՏՄ-ի շրջանակներում նաև որոշակի քվոտավորման համակարգ ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG