Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյան. Քանդակագործը Պիտերում է սովորել, հնարավոր էր այդպիսի ազդեցություն


Քաղաքաշինության նախարարը՝ Գարեգին Նժդեհի արձանի մասին։

Պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի ժառանգների գնահատականին, թե Երևանի կենտրոնում տեղադրված արձանը «Պետրոս առաջինին է նման», այսօր արձագանքեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ որպես հնարավոր բացատրություն նշելով քանդակագործի Սանկտ Պետերբուրգում սովորելու փաստը։

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Սարգսյանը հայտնեց, որ Նժդեհի արձանի համար ներկայացված է եղել 10-11 աշխատանք, որից ընտրվել է հինգը, հինգից էլ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Գագիկ Ստեփանյանի աշխատանքը։

«Ինչո՞ւ սա ընտրվեց, որովհետև մնացած բոլոր աշխատանքներում Նժդեհը ներկայացված էր կամ ձիով, կամ սրով, կամ թրով և այլն։ Մենք ընտրեցինք այս աշխատանքը, հետո աշխատանքի ընթացքում ինքը որոշակի ձևափոխումներ ունեցավ։ Հիմա ասում են՝ «Պետրոս առաջինին է նման», երևի թե դա նրանից է, որ քանդակագործը ինքը Պիտերում՝ Պետերբուրգում է սովորել և ավարտել, հնարավոր էր այդպիսի ազդեցություն», - ասաց Սարգսյանը։

Նախարարը նշեց, որ չի հիշում դեպք, որ ցանկացած նոր քանդակից հետո աշխույժ քննարկում չլինի։ «Եթե հիշողությամբ ձեզ ասեմ, չեմ հիշում, որ այդպիսի աշխույժ քննարկումներ չլինեն, անհնարին է դա, որ չլինի։ Ես ինքս, որ մտովի հանկարծ հիշում եմ՝ Վիլյամ Սարոյանի արձանը, Բաղրամյանի արձանը, այն ժամանակ էլ վետերաններն ասում էին՝ «ինչպե՞ս կարելի է առանց գխարկի Բաղրամյանի արձան դնել»։

Անդրադառնալով օրերս Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում տեղադրված Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանին, Սարգսյանն ասաց. - «Տեղեկություններ չունեմ, բայց կա քանդակագործություն, կա արձանագործություն, Բաբաջանյանի արձանը, իմ կարծիքով, որոշակի թերություններ ունի, բայց ես, ճիշտն ասած, ողջունում եմ, որ նա ձիով ու զենքուզրահով չի, լավ է, որ նստած է, դա բավական խիզախություն պետք է ունենա քանդակագործը, որպեսզի այդպես ներկայացնի, բայց չգիտեմ՝ ինչու է նստած աթոռի վրա և ոչ թե քարի վրա, և կան այնտեղ որոշակի ատրիբուտներ, որ քանդակը շահում է, երբ որ դու ընդհանրական ես ներկայացնում, ոչ թե մեդալով, կամ ուսադիրներով»։

Նախարարն ընդգծեց, որ որևիցե կառույցի կողմից պահանջներն այնպիսին չեն, որ շենքը կամ քանդակը պետք է անպայման լինի գլուխգործոց։

XS
SM
MD
LG