Մատչելիության հղումներ

Պետական պարտքը ավելացել է 3 մլրդ դոլարով, սակայն տնտեսությունն անկում է ապրել


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Նախաճգնաժամային 2008 թվականի համեմատ, Հայաստանի պետական պարտքը ավելացել է 2.6 անգամ, սակայն տնտեսությունը՝ դոլարով արտահայտված, ոչ միայն չի աճել, այլև կրճատվել է:

Ֆինանսների նախարարության տվյալներով, եթե 2008-ին Հայաստանի պետական պարտքը 1 միլիարդ 906 միլիոն ԱՄՆ դոլար էր, ապա 2015-ի վերջին այն կազմում էր 5 միլիարդ 71 միլիոն դոլար:

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, ճգնաժամից առաջ՝ 2008 թվականին, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 11.9 միլիարդ դոլար էր, իսկ 2015-ին՝ 10.5 միլիարդ դոլար, այսինքն՝ ավելի քիչ: Եվ սա այն պարագայում, երբ, իշխանությունների պնդմամբ, 2010 թվականից ի վեր Հայաստանը միշտ տնտեսական աճ է արձանագրել:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հարց է բարձրացնում․ եթե տնտեսությունը չի աճել, այդ դեպքում ո՞ւր է գնացել ավելի քան երեք միլիարդ դոլարը, որը պետք է մարեն Հայաստանի քաղաքացիները:

«Մենք փաստորեն ունենք այնպիսի մի իրավիճակ, որ մենք ճգնաժամից փորձել ենք դուրս գալ, դուրս չենք եկել, օգտագործել ենք ահռելի ֆինանսական միջոցներ, պետական պարտք ենք կուտակել, բայց այդպես էլ տնտեսական աճ՝ դոլարային արտահայտությամբ, մենք չունենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ կուտակելով հսկայական պետական պարտք, Հայաստանի իշխանությունները մեղմ ասած անարդյունավետ են ծախսել այդ միջոցները՝ թեև 2009 տնտեսական ճգնաժամից հետո բազմիցս հայտարարել են տնտեսական բարեփոխումներ անցկացնելու, տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, երեք տարի առաջ պահանջեց կառավարությունից մինչև 2017թ․ տարեկան ապահովել 7 տոկոս տնտեսական աճ՝ այլապես սպառնալով պաշտոնանկ անել գործադիրի ներկայացուցիչներին:

«Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա», - ասել էր երկրի ղեկավարը:

«Ազատության» հետ զրույցում Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը հարցին, թե կառավարությունում ինչ կարծիքի են նշված 3 միլիարդ դոլարի ծախսման արդյունավետության մասին, արձագանքեց․ - «Ծախսերի արդյունավետության հետ կապված․․․ կառավարությունում մշտապես դա արդիական հարց է: Ես կարող եմ Էկոնոմիկայի նախարարության մասով ասել․ այն բոլոր վարկային պարտավորությունները, այն վարկային ծրագրերը, որ իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը, գիտեք, որ նաև մաս է կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դրա հետ կապված, որովհետև հիմնականում ենթակառուցվածքային ծրագրերը իրականացվում են վարկային միջոցների հաշվին, և մշտադիտարկումները պարտադիր տեղի են ունենում, որպեսզի արդյունավետությունը ուսումնասիրվի»:

Մինչ կառավարությունում չեն դադարում խոսել վարկային միջոցների արդյունավետությունից, Հայաստանի պետական պարտքը սրընթաց աճում է: Ֆինանսների նախարարության տվյալներով, միայն այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանի քաղաքացիների ուսերին ծանրացել է ևս 181 միլիոն դոլար, և ապրիլի 30-ի դրությամբ երկրի պետական պարտքը կազմում է 5 միլիարդ 252 միլիոն դոլար:

«Այդ պետական պարտքի սպասարկման համար արդեն լրջագույն գումարներ ենք մենք ծախսում․ մոտ 190 միլիարդ դրամ անցյալ տարի է ծախսվել, և ես կարող եմ ասել, որ 2016-ին ավելի է լինելու, և այդ բեռի ազդեցությունը մենք ավելի շատ ենք զգալու», - ասաց Վահագն Խաչատրյանը:

XS
SM
MD
LG