Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչները Ղարաբաղում են


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:

Ղարաբաղի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, վարչապետը նշել է, որ ապրիլյան իրադարձություններից հետո սա հիմնադրամի ներկայացուցիչների առաջին այցելությունն է Ղարաբաղ, և արդեն առավել հեռանկարային խնդիրներ են հուզելու բոլորին:

«Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է. հանրապետության համարյա բոլոր համայնքներում հիմնադրամի միջոցներով իրականացված` մանկապարտեզների ու դպրոցների վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, ճանապարհների վերականգնման ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը և առողջ ու դաստիարակված հայրենասեր սերունդ ունենալուն», - ասել է վարչապետն ու շնորհակալություն հայտնել հիմնադրամին՝ շարունակական աջակցության համար:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կարևորել է հայ բարեգործների պարբերական այցելությունները Ղարաբաղ` հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Նա հիմնադրամի ներկայացուցիչների անունից Ղարաբաղին միշտ աջակցելու և հայրենանպաստ ծրագրերի իրագործման պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպմանը ներկա է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ղարաբաղի ծրագրերի համակարգող Վալերի Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG