Մատչելիության հղումներ

«Պառնաս»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրություններին հարցականի տակ է


«Պառնաս» կուսակցության առաջնորդ Միխայիլ Կասյանով, արխիվ

«Պառնաս» կուսակցության առաջնորդ Միխայիլ Կասյանով, արխիվ

Կասյանովի կուսակցության շուրջ սկանդալի պատճառով վտանգված է ժողովրդավարական կոալիցիայի ապագան:

Ռուսաստանի ընդդիմադիր «Պառնաս» կուսակցության փրայմերիզում տեղի ունեցած սկանդալը հարցականի տակ է դրել այդ կուսակցության մասնակցությունը սեպտեմբերին անցկացվելիք Պետդումայի ընտրություններին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ ընդդիմախոս, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի ղեկավարած «Պառնաս» կուսակցության կայքում երեկ հայտնվել էին ժողովրդավարական կոալիցիայի նախնական ընտրություններին՝ փրայմերիզին մասնակցող 25 հազար անդամների, այդ թվում լիբերալ ակտիվիստների անձնական տվյալները՝ անունները, ծննդյան տվյալները, էլեկտրոնային փոստերը, «Փոփոխությունների ալիք» խորագրով անցկացվող փրայմերիզին մասնակցելու համար գաղտնաբառերն ու հեռախոսահամարները։ Գաղտնաբառերի զգալի մասը կապված են եղել Պուտինի անվան հետ։ Մոտ մեկ ժամ այդ փաստաթուղթը հրապարակված է եղել «Պառնաս»-ի կայքում։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները հսկայական ծավալի նոր նյութեր են ստացել «Պառնաս»-ի սխալի պատճառով։

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսեյ Նավալնին Թվիթերում գրել է, որ կատարվածից հետո «Պառնաս»-ի գործադիր ղեկավարությունը պետք է հրաժարական տա։

Նավալնին ավելի վաղ դուրս էր եկել կոալիցիայից և հայտարարել, որ իր կողմնակիցները սեպտեմբերին անցկացվելիք ընտրություններին կմասնակցեն «Յաբլոկո» կուսակցության ցուցակով, և որ այդ կապակցությամբ ընթանում են բանակցություններ։

Կոալիցիայից դուրս էր եկել նաև «Ժողովրդավարական ընտրություն» կուսակցության ղեկավար Վլադիմիր Միլովը։ Ընդդիմադիրները չեն կարողացել պայմանավորվել փրայմերիզի անցկացման ձևաչափի շուրջ։

Արդեն ավանդույթ է դարձել, որ Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմությունը չի կարողանում միավորվել և արդյունավետ նախընտրական արշավ անցկացնել ու որպես հետևանք՝ ցածր վարկանիշ ունի, և Ռուսաստանի խորհրդարանում այսօր ներկայացված են միայն չորս կուսակցություններ՝ բացի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն, կոմունիստները և Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ այսպես կոչված համակարգված ընդդիմությունը։

«Պառնաս» կուսակցությունն իրավունք ունի առանց ստորագրահավաքի ներկայացնել թեկնածուների, և այդ պատճառով կուսակցության շուրջ էին հավաքվել ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչները։ Ստեղծվել էր ժողովրդավարական կոալիցիա, որի ապագան հարցականի տակ է երեկվա սկանդալի պատճառով։

XS
SM
MD
LG