Մատչելիության հղումներ

Հայրենադարձ քաղաքացին պնդում է՝ Հայաստանի մաքսավորները անտեսում են ԵՏՄ օրենքը


Միշա Պետրոսյանը, արխիվ
Միշա Պետրոսյանը, արխիվ

80-ամյա Միշա Պետրոսյանը մեկ տարի է՝ չի կարողանում հետ ստանալ անձնական գույքը:

Ծերության տարիները հայրենիքում անցկացնելու համար Հայաստան մշտական բնակության եկած Ռուսաստանի քաղաքացի 80-ամյա Միշա Պետրոսյանը պատրաստվում է բողոքի նամակ հղել Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին՝ պնդելով, որ Հայաստանի իշխանություններն արհամարհում են այս կառույցի առջև ստանձնած պարտավորությունները։ Մեկ տարի է, ինչ Հայաստան ժամանած ծերունին չի կարողանում մաքսավորներից հետ ստանալ անձնական գույքը, այդ թվում և՝ առողջության համար անհրաժեշտ բժշկական սարքը։ Նախարարությունը պնդում է, թե դրանց համար ծերունին պարտավոր է վճարել ավելի քան հազար դոլար։

«Դատարանի այս վճիռը Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց, որ Հայաստանը դե ֆակտո չի հանդիսանում ԵՏՄ անդամ։ Հիմա ես սպասում եմ՝ եթե Վճռաբեկ դատարանը հաստատի այդ որոշումը, ես դրանք կուղարկեմ Պուտինին, Նազարբաևին, Բելառուս և մյուս անդամ պետությունների ղեկավարներին, և կգրեմ, որ Հայաստանը անդամ չի, Հայաստանը չի ղեկավարվում միության օրենքներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Վարչական դատարանն ամիսներ առաջ անհիմն է համարել ֆինանսների նախարարության պահանջը՝ պարտավորեցնելով անհապաղ վերադարձնել հայրենադարձի անձնական իրերը, քանի որ դրանց շարքում են նրա առողջության համար անհրաժեշտ բժշկական սարքեր։ Սակայն ֆինանսների նախարարությունը, դիմելով Վերաքննիչ դատարան, հաղթել է Պետրոսյանին։ Դատարանը շեշտել է, որ Միշա Պետրոսյանը ավելի վաղ է ժամանել Հայաստան մշտական բնակության, հետևաբար` օրենքով նախատեսված արտոնությունից օգտվել չի կարող։

Պետրոսյանը վկայակոչում է Եվրասիական տնտեսական միության օրենքները, պնդելով՝ ըստ այս կառույցին միանալու համաձայնագրի՝ Հայաստանի դատարանները պարտավոր են կատարել առաջին հերթին միության օրենքները։ Նրա ձեռքի տակ է նաև միության Տնտեսական հանձնաժողովին հղած իր նամակի պատասխանը, որի համաձայն` ԵՏՄ տարածքում մշտական բնակություն հաստատած քաղաքացին պարտավոր չէ վճարել անձնական իրերի տեղափոխման համար:

«[Վստահեցրել են] Որ ֆինանսների նախարարությունը պետք է ղեկավարվի միջազգային համաձայնագրի այսինչ կետի այսինչ ենթակետով և առանց վճարի ձեր ապրանքը ձեզ պետք է տա»։

«Երրորդը, Հայաստանի Սահմանադրության վեցերորդ պարագրաֆում գրված է՝ եթե միջազգային պայմանագիրը վավերացված է Ազգային ժողովի կողմից, այդ դեպքում, եթե Հայաստանի օրենքներում գոյություն ունեն կանոններ, որոնք հակասում են միջազգային պայմանագրում նշված կանոններին, պետք է ղեկավարվել միջազգային համաձայնագրով»։

Հայրենի Արագածավան գյուղում տուն կառուցած, այգի հիմնած ծերունին կարծում է, որ Վերաքննիչ դատարանն իր դեմ որոշում կայացրեց իր քննադատական հայացքների համար։ Անցած ամիսներին նա իշխանություններին քննադատող հոդվածներ է հրապարակել։ Այժմ էլ պնդում է՝ Հայաստանի սահմանում վատ են վարվում քաղաքացիների հետ։

«Ինձ համար փողը կարևոր չի, եթե դուք տեսնեիք, թե ինչ ստորաբար վարվեցին ինձ հետ էդ տամոժնիկները․․․ Ինձ ասում է՝ բիձա, օրենքները մենք գիտենք, դու ո՞վ ես, որ օրենքների մասին ես խոսում։ Հասկանո՞ւմ եք, ես խորապես վիրավորված եմ: Եթե ասեին՝ հայրիկ ջան, հա, օրենքով դու ճիշտ ես, բայց պետք է մուծես, ազնվությամբ, կտայի ու կգնայի: Ես մեքենան բերեցի, 10 հազար դոլար մուծեցի, գույքը բերեցի, 5 հազար դոլար մուծեցի, ոչ մի բողոք, ու իմ երեխեքն էլ ասում են՝ պապա, էդ հազար դոլարի համար դու ներվերդ փչացնում ես, ինչո՞ւ», - ասաց Պետրոսյանը։

Նախկին Խորհրդային Միությունում նավթարդյունաբերության ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցրած Միշա Պետրոսյանը 50 տարի արտերկրում է ապրել, տարբեր երկրներում որդիների հետ հաջող բիզնես է ծավալել։ Պնդում է՝ փողի համար չի պայքարում, այլ՝ սկզբունքի։ Հայրենադարձ ծերունին պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG