Մատչելիության հղումներ

Բնակիչների, այդ թվում՝ գյուղապետի համոզմամբ, պատճառն անբարեկարգ ճանապարհներն են:

Լոռու մարզի Դաշտադեմ գյուղում մարդիկ թեև ճարահատյալ հարմարվել են ապրելու դժվար պայմաններին, բայց անբարեկարգ ճանապարհների հետ ոչ մի կերպ չեն համակերպվում: Վրաստանի հետ սահմանամերձ այս գյուղում շուրջ երեք տասնյակ ընտանիք է ապրում: Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում:

Գյուղացիների պնդմամբ, անասնապահությամբ կարողանում են մի կերպ ապրուստը հոգալ, բայց ճանապարհների անբարեկարգ վիճակի պատճառով լրացուցիչ խոչընդոտների առաջ են կանգնում: Հատկապես այն դեպքերում, երբ խանութ գնալու կարիք է լինում: Համայնքին ամենամոտ գտնվող խանութը Տաշիր քաղաքում է՝ 10 կմ հեռավորության վրա: «Իմ տունը կհատկացնեմ, մի ամիս մնացեք ստեղ ու տեսեք՝ մի սուրճի բաժակի, մի պաչկա աղի, կարող ա պատահի լուցկի չունենաս, մի հատ լուցկու համար պիտի հասնես ռայոն»,- դժգոհում է դաշտադեմցիներից մեկը:

Ձմռանն այստեղ բնակիչները ստիպված են նվազագույնը մեկ ամսվա առևտուր անել: Երբեմն ձնաբքի պատճառով ճանապարհները փակվում են: «Մի ամսվա զապասը՝ պրադուկտից, դեղից, ամեն ինչից բռնած, պտի ունենաս, արխեին նստես: Քսանչորս տարի ստեղ ապրում եմ, ստեղի պայմանը էս է»: Դաշտադեմի գյուղապետ Մարինե Խռոյանն ասում է՝ խանութի բացակայության պատճառներից մեկը հենց ճանապարհն է: «Եթե մենք ուզենանք մի գործ անենք, թեկուզ խանութի, ամեն օր սնունդ ա պետք: Ոչ մի առաքիչ գյուղ չի գալիս, եթե էդ աշխատողն էլ, խանութի աշխատողը, գնա մի ապրանք բերի, իրա ծախսն էլ չի հանի»:

Գյուղացիներից Լենա Դավոյանն ասում է՝ իր բազմանդամ ընտանիքից այսօր տանը միայն ամուսիններով են մնացել, դժվար պայմանների պատճառով տղայի ընտանիքը հեռացել է Հայաստանից: Կնոջ համոզմամբ՝ գյուղին պետական աջակցություն է պետք: «Ընտիր գյուղ ա, եթե մի քիչ պետութան աջակցություն էղնի էդ գյուղի մեջ, էս գյուղի նման գյուղ չկա ամբողջ Հայաստանով: Ամեն ինչ կարաս ստեղծես, պահես»:

15-ամյա Ալեքսանդրն ասում է՝ դպրոցն ավարտելուց հետո մտադիր է սովորել, անուհետև գնալ Ռուսաստան: Տղան ընդգծում է, որ գյուղում վատ չեն ապրում, բայց իր ապագան այստեղ չի տեսնում: «Ստեղ մնալու իմաստ չկա, գնամ Ռուսաստան մի գործ կգտնեմ կաշխատեմ: Հայաստանում կան մարդիկ, որ սաղ կյանքը սովորել են, սովորական գործ չունեն աշխատելու, ես մնամ ի՞նչ անեմ»,- ասում է պատանին:

Դաշտադեմում չկա նաև մանկապարտեզ, բուժկետ ու համայնքի կենտրոն: Գյուղապետարանի միջոցները հազիվ են բավականացնում մի քանի հրատապ հարցեր լուծելուն և չորս աշխատողների աշխատավարձին: Գյուղապետ Մարինե Խռոյանի խոսքով, գյուղից հեռացողներ չեն լինի, եթե ճանապարհը բարեկարգ լինի: «Ճանապարհը որ եղավ, արդեն, երևի, ինձ թվում ա, որ հաստատ էլ խնդիր չի լինելու ստեղ»,- ասում է գյուղապետը:

XS
SM
MD
LG