Մատչելիության հղումներ

Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն էլ վստահ է՝ ստեղծագործողը չպետք է մտածի իր գործը վաճառելու մասին, այդ դեպքում ստեղծագործությունն այլևս արժեք չի ունենա:

Գաղտնիք չէ, որ հայկական կոմպոզիտորական դպրոցը դեռ 19-րդ դարի վերջերից և 20-րդ դարի սկզբներից եկող լավ ավանդույթներ ունի, նաև այնպիսի անուններ, որոնցով իրավամբ կարող է հպարտանալ ցանկացած ժողովուրդ: Իսկ ի՞նչ ուժեր ունենք այսօր, արդյո՞ք երիտասարդ հայ կոմպոզիտորներն այսօր կարող են շարունակել իրենց նախորդների բացած ճանապարհը, թե՞ նրանք բոլորովին այլ՝ նոր ուղիների ու երաժշտական արտահայտչաձևերի որոնումների մեջ են:

Այս հարցերի շուրջ զրուցեցինք անվանի կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանի և Ստեփան Ռոստոմյանի հետ՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական խմբի ավարտական քննություններից առաջ: Վարդան Աճեմյանը կոմպոզիտորական ամբիոնի վարիչն է և ուրեմն՝ առավել քաջատեղյակ է, թե ինչ երիտասարդություն է գալիս այսօր դեպի մեծ արվեստի աշխարհը:

Կոմպոզիտորական հայ դպրոցն այսօր ի՞նչ շարունակություն ունի և ունի՞ արդյոք, այս հարցին Աճեմյանը պատասխանեց՝ «Ակնհայտ է, որ ունի շարունակություն, որովհետև մենք ունենք հիանալի ուժեր: Ցավոք, նրանցից շատերը գնում են, որովհետև դրսում ավելի պահանջված են, նրանց ժամանակակից ստեղծագործությունները: Այդ դաշտն ավելի մեծ է: Նրանք շահում են շատ հեղինակավոր մրցույթներում, առաջին մրցանակներ են վերցնում: Ունենք հիանալի կոմպոզիտորներ դրսում, որոնք արդեն ճանաչված են՝ Արթուր Աքշելյան, Հայկ Մելիքյան, Շուշան Սարգսյան․․․: Այնտեղ դրսևորվելու հնարավորություններն ավելի շատ են: Ես հույս ունեմ, որ կգա ժամանակը և նրանք անպայման հետ կգան և կծառայեն հայրենի մշակույթին»:

Դե իսկ Ստեփան Ռոստոմյանն էլ համոզված է, որ տաղանդն ամենուրեք իր ճանապարհը կհարթի: «Սերունդներ են փոխվում, նոր պահանջներ են ի հայտ գալիս: Միշտ հայերի առաջին հատկանիշներից մեկն իրենց տաղանդն է, պիտի ճիշտ միջավայրի մեջ դնես, որ իրենք կարողանան դրսևորվել»,- ասում է կոմպոզիտորը: Հարցադրմանը՝ կարո՞ղ են նրանք ինչ-որ կերպ վաճառել իրենց ստեղծագործությունները՝ ապրուստի միջոց հայթայթելու համար, Ռոստոմյանը պատասխանեց՝ «Երբ ստեղծագործողը սկսում է մտածել իր ստեղծագործությունը վաճառելու մասին, ուրեմն վերջացավ ստեղծագործությունը․․․»:

Ուշագրավ է հետևյալ հանգամանքը՝ եթե հայ երիտասարդ կոմպոզիտորները մեկնում են արտասահման՝ ուսումը շարունակելու կամ այնտեղ ապրելու և ստեղծագործելու համար, ապա այստեղ՝ Երևանի պետական կոնսերվատորիա են գալիս ուսանելու, ասենք, Իրանից: Օրինակ՝ այս տարվա կոմպոզիտորական դասարանի 4 շրջանավարտներից մեկն էր միայն Հայաստանից, մնացած երեքը՝ ԻԻՀ-ից էին:

Նրանցից Անահիտա Վասեմի Նասաբի առաջին սիմֆոնիան հնչեց ավարտական քննության ընթացքում: Այն, ի դեպ, բավական ուշագրավ ստեղծագործություն էր: Նա մեր զրույցի ընթացքում շեշտեց, որ մի շարք այլ գործեր էլ ունի գրած, բայց կատարման առումով ֆինանսական բարդություններ կան:

XS
SM
MD
LG