Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում, 28-ը մայիսի, 2016թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում, 28-ը մայիսի, 2016թ․

Անդրադառնալով ապրիլյան բախումներին, նախագահն ասել է, որ դրանք ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ «թե՛ լավ, թե՛ վատ»:

«1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Հանրապետության տոնի առթիվ ունեցած իր շնորհավորական ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն ընդգծել է, որ այս տոնը Հայաստանի համար առաջին հերթին փրկության տոն է:

«Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը և այդ հողակտորի վրա մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականությունը: Հուսահատության և արնաքամության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ՝ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան: Մայիսյան հերոսամարտերը և դրանց հաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անվանում: Մենք հաղթեցինք, մենք ապրեցինք և մենք ազատագրվեցինք: Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել: Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան թերևս ոչ ոք չի վճարել: Մենք դա արել ենք մենակ, ավելին՝ մենք դա արել ենք ի հեճուկս ճակատագրի հարվածների»,- իր ուղերձում ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով ապրիլի սկզբին ծավալված ռազմական գործողություններին, նախագահն ասել է, որ այդ իրադարձություններն ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ «Թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ մեր ներսում, թե՛ մեր շուրջը»: Սարգսյանն ընդգծել է, որ իր համար ամենակարևորը նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որը բոլորին ցույց տվեց, որ ինքն է իսկապես տերն ու պատասխանատուն իր երկրի:

«Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է: Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը»,- ասել է Հայաստանի նախագահը:

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում էին մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս: Նրանցից վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում մայիսյան հաղթանակներից խոսելուց բացի անդրադարձել է նաև երկրի տնտեսական վիճակին: Վարչապետը չի բացառել, որ կառավարությունում պաշտոնանկություններ կլինեն, եթե գործադիր մարմինը չկարողանա կատարել իր հանձնարարականները։ «Ամեն ինչ կհասցնենք, բոլորին շնորհավորում եմ, հայ ժողովրդի համար մայիս ամիսը հաղթանակների ամիս է։ Ինչ վերաբերում է տնտեսական բարեփոխումներին, օպտիմալացմանը և այլն, մենք ժամանակի ընթացքում իրականացնելու ենք, միայն առաջ: Կառավարությունն իր գործը պետք է անի, որպեսզի հասարակությունը հավատա»,- ասել է Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG