Մատչելիության հղումներ

Ալիև․ Մենք ձգտում ենք, որ հարցը լուծվի արագ և խաղաղ ճանապարհով


Իլհամ Ալիև, արխիվ
Իլհամ Ալիև, արխիվ

Վիեննայի հանդիպումից հետո առաջին անգամ խոսելով հակամարտության մասին, Իլհամ Ալիևը դարձյալ պնդել է՝ «երբեք թույլ չենք տա, որ մեր պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն»:

«Ոչ ադրբեջանական ժողովուրդը, ոչ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ մեր պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն»: Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, շարունակելով՝ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, ապա իրենք ինչպես ապրում են, կարող են շարունակել ապրել նույն ձևով»:

Ադրբեջանի ղեկավարն այս մասին խոսել է երկրի անկախության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ: Ադրբեջանի ղեկավարը շեշտել է՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Այլ ճանապարհ չկա»,- ընդգծել է Ալիևն ու հավելել. - «Ուրախ եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները միանշանակ հայտարարում են, որ ստատուս քվոն անընդունելի է և այն պետք է փոխվի»:

Ըստ էության առաջին անգամ անդրադառնալով Վիեննայում կայացած հանդիպմանը, Ադրբեջանի ղեկավարը նշել է՝ «Վիեննայի հանդիպումը հաջող էր։ Ակնկալում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կմեկնարկեն շատ լուրջ, միջնորդների խոսքով՝ էական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»: Խոսելով բանակցային գործընթացի մասին, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն էլ է ցանկանում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

«Իսկ ո՞վ է ուզում պատերազմ, բայց մենք կարգավորում ենք ցանկանում, ահա թե ինչում է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը. Հայաստանը ցանկանում է խաղաղ կարգավորում, բայց չի նպաստում կարգավորմանը»,- պնդել է Ադրբեջանի նախագահն ու ամփոփել՝ «Մեր դիրքորոշումը կառուցողական է, և միջնորդները գիտեն այդ մասին, թեև պաշտոնապես չեն ընդունում: Մենք ձգտում ենք, որ հարցը հնարավորինս արագ լուծվի՝ խաղաղ ճանապարհով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG