Մատչելիության հղումներ

Դիլիջան համայնքի բնակիչներին թույլ չեն տալիս անտառային թափոններ հավաքել


Բնակիչները, մինչդեռ, պնդում են, որ այլ կերպ իրենց կացարանները չեն կարող ջեռուցել և, թափոններից զրկվելով՝ անելանելի վիճակում կհայտնվեն:

Դիլիջանի և նրան միավորված համայնքների բնակիչները դժգոհում են, որ իրենց թույլ չեն տալիս անտառից չորացած փայտանյութ հավաքել: Մինչդեռ, իրենց կացարանները միայն վառելափայտով կարող են ջեռուցել: «Թափոնը լիքն ա անտառում, բայց չեն թողնում, բա մարդիկ ինչպե՞ս վարվեն, ինչպե՞ս տաքանան, էդ մասին չե՞ն մտածում»:

Գործազուրկ գյուղացիները միաբերան պնդում են՝ առանց անտառից բերված փայտի, գյուղում հնարավոր չէ ապրել: «Պտի աշխատատեղ տան, որ ջահելը գնա աշխատի», «առանց փայտի ի՞նչ տենք անիլ, էս քարերի մեջ»,- դժգոհում են մարդիկ: Հաղարծինում մեզ հանդիպած տարեց տղամարդը, ով մեծ դժվարությամբ ծառի ճյուղեր էր տեղափոխում, ասաց, թե անտառապահից թաքուն է այն բերել: Հարևան Թեղուտ գյուղի բնակիչներից Սասուն Զարգարյանին, մինչդեռ, նկատել են և տուգանել՝ անտառից փայտ տանելու համար: Գյուղացին ասում է՝ չի պատրաստվում վճարել տուգանքը, իսկ փայտը բերել է երկու անչափահաս երեխաներին տաքացնելու համար: «Ես մտածել եմ, իմ փետը բերել եմ, մեր տունը տաքացրել եմ, իմ երեխեքը չեն մրսել, մնացածի մասին ես չեմ մտածում»,- ասաց նա:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը տեղի ունեցած բողոքի ցույցից հետո բնապահպանության նախարարությունը, «Դիլիջանի Ազգային պարկ»-ը և բողոքող բնակիչներն ընդհանուր հայտարարի են եկել՝ անտառային թափոններ կարող են հանել միայն համապատասխան վճարումներ կատարելուց և թույլտվություն ստանալուց հետո: «Ժողովուրդը հասկացավ, որ եթե էսօր Դիլիջան քաղաքը համարվում ա կուրորտային քաղաք, մեծ ներդրումներ է արվում, դա նաև ի շնորհիվ մեր բնության ա, և ծառահատումներ չի կարելի անել»,- ասաց քաղաքապետը:

XS
SM
MD
LG