Մատչելիության հղումներ

Վարորդների պնդմամբ, կարմիր գծերը բազմաթիվ «անօրինական ծուղակներ» են ստեղծում


Ավտովարորդը Իսահակյան փողոցի վրա ցույց է տալիս իր բացահայտած «անօրինական» կարմիր գիծը

Ավտովարորդը Իսահակյան փողոցի վրա ցույց է տալիս իր բացահայտած «անօրինական» կարմիր գիծը

«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը, սակայն, չի ընդունում հնչեցված մեղադրանքները:

Կայանատեղերի կարմիր գծերից դժգոհող բազմաթիվ ավտովարորդներից մեկը՝ Սերգեյ Ղահրամանյանն ամեն օր մեքենայով մայրաքաղաքում շրջելիս բազմաթիվ խախտումներ է նկատում: Խոսքը, մասնավորապես, «օրենքով չնախատեսված» վայրերում կարմիր գծերի առկայության մասին է: Ղահրամանյանը բողոքի դիմումն առաջիկա օրերին հանձնելու է քաղաքապետարան․ դրանում «հստակ օրինակներով» նա նշել ու նկարագրել է, թե ինչպես է վարորդը հայտնվում ծուղակում՝ ճանապարհային երթևեկության կանոնների և «Փարկինգ Սիթի Սերվիսի»-ի կարմիր գծերի միջև հակասությունների պատճառով:

«Օրինակ այն տեղերը, որտեղ ճանապարհային ոստիկանության կողմից արգելված է կանգառն ու կայանումը, կա արգելման նշանը, այդտեղ կարմիր գծեր է գծած: Բայց քաղաքացիներ կան, որոնք ամբողջ տարվա համար 12 հազար դրամ են մուծել և կարող են կայանել ցանկացած կարմիր գծերի սահմաններում: Բայց այդ դեպքում այնտեղ կայանելով՝ թակարդն է ընկնում, քանի որ ՃՈ-ն այդտեղ արգելել է կայանելը, բայց «Փարկինգ Սիթի»-ն թույլատրում է, ի՞նչ է ստացվում»,- տարակուսում է Ղահրամանյանը:

Նա վստահ է՝ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը խախտում է հենց այդ ծառայության համար գրված որոշումները՝ դրանով իսկ խաթարելով երթևեկությունը քաղաքի առանց այդ էլ նեղ փողոցներում: Մասնավորապես, վկայակոչում է «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» համապատասխան որոշումը (N 562-Ն 25-ը դեկտեմբերի, 2012 թ.), որում «սևով սպիտակի վրա գրված է», թե ինչպիսի պայմաններում է ավտոկայանատեղերի կազմակերպումը համարվում թույլատրելի: Ըստ այդ որոշման՝ կայանատեղեր կարելի է կազմակերպել միայն այն փողոցներում, որտեղ երթևեկությունն իրականացվում է «յուրաքանչյուր ուղղությամբ՝ երկու և ավելի գոտիներով»: Իսկ այն փողոցներում, որտեղ երթևեկությունը «մեկական գոտիով է», ավտոկայանատեղին պետք է կազմակերպել երթևեկելի մասից դուրս` վարորդների լեզվով ասած՝ «գրպանիկներում»: Մինչդեռ, Իսահակյան փողոցի վրա, ըստ Ղահրամանյանի, լրիվ այլ պատկեր է:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը շարունակ բողոքներ է ստանում՝ կապված կարմիր գծերի հետ: Մի քանի դեպքերով փորձել են հարցը կարգավորել դատարանի միջոցով: Սակայն, խնդիրը սկզբունքորեն չի լուծվում, քանի որ, ըստ նրա, կարմիր գծերը բազմաթիվ դեպքերում են հակադրվում օրենքի պահանջներին: Ավտովարորդների իրավունքերի պաշտպանը հետևություն է անում՝ նպատակը ոչ թե կայանումը կարգավորելն է, այլ վարորդներին տուգանելը: Նա ևս մեկ թերություն է մատնանշում:

«Եթե գրած ա՝ հինգ մետր հեռավորության վրա խաչմերուկներից, հետիոտնային անցումներից, հետաքրքիր ա՝ հետիոտնային անցումից․․․ վարորդը ի՞նչ, դուրս գա չափի հինգ մետր հեռու ա կանգնե՞լ, թե՞ ոչ: Ուզո՞ւմ եք կանխարգելել, բարի եղեք՝ մայթեզրերին մի գիծ քաշեք: Ինչին ձեռք ես տալիս, դուրս ա գալիս, որ միայն գումար հավաքելու համար է»,- ասում է Էդուարդ Հովհաննիսյանը։

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի ընդունում այս մեղադրանքները՝ պնդելով, թե որևէ օրենք կամ որոշում չի խախտել ոչ նշված, ոչ էլ այլ փողոցներում: Իսկ անճշտությունները, ըստ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի, բացահայտվելու դեպքում շտկում են. - «Եթե հստակ փաստերով բան կա, մենք պատրաստ ենք գալ տեսնել, շտկել»: Ավտովարորդ Սերգեյ Ղահրամանյանն, այդուհանդերձ, պնդում է՝ անգամ դատարանում գործը վարորդի օգտին հանգուցալուծելուց հետո թերությունները չեն շտկվում:

XS
SM
MD
LG