Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտական դիրքերում ծանր վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգ, ընդունվել Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունք:

«Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կապ է հաստատել կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանի հետ: Բժշկի փոխանցմամբ` տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ», - ասված է նախարարության երեկ տարածած հաղորդագրությունում:

Գերատեսչությունը նշում է, որ վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն առողջապահության նախարարություն:

Արման Լազգիյանը մայիսի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել էր: Դրանից մեկ օր առաջ Լազգիյանին կատարվել էր ԿՏ հետազոտություն, որի արդյունքում պարզվել էր, որ հիվանդի մոտ ձախ պլևրալ խոռոչում (թոքային հատվածում) առկա է հեղուկի որոշ քանակություն: Հեղուկը հեռացնելու նպատակով իրականացվել էր ձախ պլևրալ խոռոչի դրենավորում:

Նույն օրը նրա մոտ սկսել էր ստամոքսաղիքային սուր արյունահոսություն: Կատարվել էր գաստրոսկոպիկ հետազոտություն, և 12-մատնյա աղիքում հայտնաբերվել էր «սթրեսային խոց»: Զինծառայողն անհապաղ վիրահատվել էր, կարվել էր խոցը, ինչպես նաև կատարվել էր պլաստիկ միջամտություն: Գնահատելով զինվորի վիճակը՝ բժիշկներն ասել էին, որ վերականգնողական բուժման նպատակով նրա արտերկիր տեղափոխումը նպատակահարմար է որոշ ժամանակով հետաձգել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG