Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային


ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Բորդյուժայի հետ զրույցում կարևորել է վերը նշված միջոցառումների անցկացումը և հույս հատնել, որ խորհրդակցության օրակարգում ներառված արդիական հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմների մշակումը և «Կոբալտ-2016» զորավարժության շրջանակներում օպերատիվ-տեխնիկական խնդիրների հաջող իրականացումը թույլ կտան առաջընթաց արձանագրել միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության հակազդեցության, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման կատարելագործման հարցում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համակարգված միջոցառումների մշակման համար համապատասխան իրավական և գործնական հիմքերի ձևավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, նախագահը համոզվածություն է հայտնել, որ կազմակերպչական և գործնական բնույթի համալիր միջոցառումները, որոնք կմշակվեն «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում, ինչպես նաև այլ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, կնպաստեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործություններին հակազդեցության ոլորտում համատեղ օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Նիկոլայ Բորդյուժան նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Երևանում անցկացված միջոցառումների մասին, ընդգծելով, որ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից դրանք բարձր են գնահատվել, իսկ զորավարժությունը համարվել է անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG