Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Միջնորդների հետ առաջիկա հանդիպումներում փաստաթուղթ չի ստորագրվի


Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Ըստ ԱԳ նախարարի, այդ հանդիպումների ժամանակ քննարկվելու է միայն բանակցությունները վերսկսելու հարցը:

Հունիսի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին հանդիպումներ կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, սակայն, դրանց ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ որևէ փասատթուղթ չի ստորագրվի: Այսօր այս մասին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:

«Որևէ ստորագրման մասին խոսելն այս պահին ոչ միայն վաղաժամ է, այլև անիմաստ է, որովհետև այդպիսի մշակված փաստաթուղթ չկա, որը կարող է ստորագրվել: Այդ բանակցությունները պետք է նվիրված լինեն հենց դրան՝ շարունակել մշակել գլխավոր ուղղությունները՝ հիմնախնդրի կարգավորման: Ժամանակին մենք դա կոչում էինք սկզբունքներ, հիմա էլ կարող ենք ասել սկզբունքներ կամ հիմնախնդրի կարգավորման շրջանակային ձևաչափ, որպեսզի հնարավոր լինի մշակել այն իրավապայմանագրային փաստաթուղթը կողմերի միջև, որը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հնարավորություն կտա»,- ասաց արտգործնախարարը:

Ըստ նրա, այդ հանդիպումների ժամանակ, որոնց անցկացման վայրը դեռ որոշված չէ, քննարկվելու են միայն ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու հետ կապված հարցեր: «Բանակցությունները վերսկսելու համար պետք է նախ պայմաններ ստեղծվեն, այսինքն՝ լիովին կատարվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ»,- ասաց արտգործնախարարն ու հավելեց. - «Եթե այդ պայմանները ստեղծվեն, եթե ստեղծվի այդ մեխանիզմը և եթե ստեղծվի մշտադիտարկման՝ մոնիտորինգի հնարավորությունը, և ընդլայնվեն նաև ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այսինքն՝ բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին, ապա, իհարկե, հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ»:

Նալբանդյանը նաև նշեց՝ եթե Վիեննայի պայմանավորվածությունները կատարվեն, ապա «գուցե հնարավոր լինի» նաև բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել: Պատասխանելով Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման մասին հարցին` արտգործնախարարն ասաց, որ փաստաթուղթը դեռևս մշակման փուլում է. - «Դրա հետ կապված հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համապատասխան գործոններից»:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տարօրինակ համարեց, որ Հայաստանը համակերպվում է Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելու՝ Ադրբեջանի քաղաքականության հետ: Էդվարդ Նալբանդյանը հակադարձեց. - «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում կա այն կետը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի համապատասխան բանակցություններին և առանց Ղարաբաղի մասնակցության անհնար կլինի որևէ փաստաթղթի մշակում և կնքում»:

Փաշինյանի դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանը դեռ չի ստացել 200 միլիոն դոլարի ռուսական զենքը, մինչդեռ Ադրբեջանը երբեք ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ չի ունեցել, Նալբանդյանը պատասխանեց՝ մատակարարումն ընթացքի մեջ է. - «Գործընթացը շարունակվում է, և չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ էմոցիոնալ հայտարարությունները կօգնեն, որ այդ գործընթացն ավելի արագ իրականացվի կամ ավելի արդյունավետ դառնա»:

Փաշինյանն իր հերթին հայտարարեց՝ ապրիլյան պատերազմը Հայաստանի իշխանությունների վարած անհետևողական քաղաքականության հետևանքն է: Բազմաթիվ օրինակներ բերելով՝ պատգամավորը նաև ընգծեց․ Ադրբեջանի կոնկրետ գործողություններին Հայաստանի արտգործնախարությունը միայն հայտարարություններ է հակադրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG