Մատչելիության հղումներ

Տեղահանված թալիշցիները կվերաբնակեցվեն Լեռնային Ղարաբաղի այլ համայնքներում


Թալիշից տեղահանված ընտանիք

Թալիշից տեղահանված ընտանիք

ԼՂ վարչապետի խոսնակի փոխանցմամբ, սա ամենևին չի նշանակում, որ Թալիշում այլևս վերաբնակեցում չի լինելու։

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը որոշել է ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշից տեղահանված շուրջ 500 բնակիչների վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի այլ համայնքներում։

Լեռնային Ղարաբաղի վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կառավարությունը թալիշցիներին առաջարկում է տեղավորվել Շուշիում և Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում առկա՝ նրանց համար նախապատրաստված տներում և կացարաններում, որտեղ ստեղծված են բնակության համար անհրաժեշտ նորմալ պայմաններ:

Նրա խոսքով՝ Ալաշան համայնքում դեռևս խորհրդային ժամանակներից պահպանված երկու առողջարաններ կան։ Այդ շենքերն այս պահին վերանորոգվում են, և Թալիշի մոտ 26 ընտանիքներ հենց այդ շենքերում բնակարաններ կստանան։

«Նշածս առաջարկները վերաբերում են նաև Հայաստանում ապաստանած թալիշցիներին, ում արդեն կոչ է արվել վերադառնալ Արցախ, որտեղ մենք պատրաստ ենք ապահովել սոցիալ-կենցաղային համապատասխան պայմաններ՝ ներառյալ բնակարաններ, կացարաններ: Ի դեպ, նրանց մի մասն արդեն աստիճանաբար վերադառնում է», - ասաց Բեգլարյանը։

Լեռնային Ղարաբաղի վարչապետի խոսնակը նշեց, որ տեղահանված թալիշցիների համար նաև սոցիալական աջակցության ծրագրեր կիրականացվեն։

Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ սա ամենևին չի նշանակում, թե Թալիշում այլևս վերաբնակեցում չի լինի։ «Պարզապես այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նպատակահարմար է գտնում, որ թալիշցիներն այնտեղ չտեղափոխվեն։ Սակայն կառավարության օրակարգում մնում է նրանց վերադարձի հարցը: Բոլորի համոզմամբ՝ այս գործընթացի վերջնարդյունքը Թալիշի վերականգնումն է, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր կատարվելու են», - ասաց Բեգլարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG