Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի հաշվարկել, թե ինչպես կազդի վարչապետի հայտարարած օպտիմալացումը, պետական համակարգում աշխատատեղերի կրճատումը սոցիալական վիճակի վրա:

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ դեռ չգիտեն արդյո՞ք այս գործընթացի հետևանքով կաճի սոցիալական լարվածութունը, թե ոչ, որքանո՞վ կբարձրանա գործազրկության մակարդակը:

«Չունեմ ես էդպիսի կանխատեսում: Ես չեմ համարում, որ հարցադրումը ճշգրիտ արտահայտում է իրերի դրությունը, որովհետև ցանկացած ուղղությամբ աշխատանք կատարելը ենթադրում է որոշակի ուսումնասիրություններ, վերլուծություններ: Դուք կոնկրետացնում եք հարցադրումը, թե՝ կոնկրետ որքան թվաքանակով անձ կկրճատվի, թեկուզ մոտավոր: Ես չեմ կարող կանխատեսում անել», - ասաց Ասատրյանը:

Ինչ վերաբերում է նախարարությունում տեղի ունեցող կրճատումներին, ապա, ըստ Արտեմ Ասատրյանի՝ դեռևս միայն 145 մեքենաներից 41-ը կրճատել են, դրանց թվում եղել են չշահագործվողները: Թե որքա՞ն են խնայել՝ նախարարը չմանրամասնեց: Աշխատատեղերի կրճատումների մասով՝ ասաց դեռ չեն կատարում:

«Խնդիր դրված չէ կրճատում անել, խնդիրը վերաբերում է գործառույթներին, դրանց կրկնողություններին, եթե կան վերածածկեր, եթե կան բացեր՝ դրանց շրջանակներում օպտիմալացմանը», - մանրամասնեց նա:

Փոխարենը՝ Ասատրյանն ասաց՝ նախարարությունում վաղուց են խնայողության ռեժիմի անցել, ավելորդ էլեկտրաէներգիա չեն ծախսում․ - «Դա միշտ է եղել, և ես կարծում եմ՝ յուրաքանչյուրս իր աշխատավայրում պիտի վարվի այնպես, ինչպես իր տանն է վարվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG