Մատչելիության հղումներ

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

«2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք ախտորոշմամբ: Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Քրեական գործը հարուցվել է նույն օրը՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ զինծառայողի սպանության հանգամանքները պարզելու համար:

«Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Գևորգյանի և նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի՝ շարքային Գ. Կոսոբոգլյանի միջև։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Հ. Գևորգյանի կրծքավանդակի հատվածին», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու կասկածանքով Կոսոբոգլյանը մայիսի 26-ին ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG