Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. Լրագրողները սխալ են հասկացել Վահրամ Բաղդասարյանին


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

«Հող կորցնելը մեզ համար շատ դժվար բան է», - ասում է Ազգային ժողովի նախագահը։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ լրագրողներն օրեր առաջ սխալ են հասկացել Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, երբ նա տասնյակ տեսախցիկների առջև ասել էր, թե հայկական կողմի կորցրած 800 հեկտարը «ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող, ամայի տարածք» է, և խորհուրդ էր տվել «չծանրանալ» կորսված տարածքների խնդրի վրա։

«Ես կարծում եմ, որ խոսքը սխալ է հասկացվել։ Քաղաքական, մանավանդ պատերազմական իրողությունների մեջ միշտ էլ տարբեր առիթներով խնդիրները փոխանակվում են: Բնականաբար, հող կորցնելը մեզ համար շատ դժվար բան է, և Բաղդասարյանը հենց այս ասպեկտով էլ խոսել է», - ասաց Սահակյանը։

Ավելի վաղ Վիեննայից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով հայկական կողմի կորցրած 800 հեկտարի մասին, հարց էր բարձրացրել, թե «արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու»։

Նախագահի հարցազրույցից հետո Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել էր այս տեսակետը՝ արդեն պնդելով, որ չարժե այդ տարածքների համար նոր զոհեր տալ:

Հարցին՝ արդյոք արժե՞ր շարունակել ու նոր կորուստների գնով հետ բերել այդ 800 հեկտար տարածքը, Գալուստ Սահակյանն ուղիղ չպատասխանեց: «Ես չեմ կարծում, որ այդ 800 հեկտարի համար է, դա ընդհանրապես Ղարաբաղի համար է, իսկ Ղարաբաղն արդեն մեզ միացած պետություն է, մենք տեսնում ենք նրա մեջ մեր հետագա ճակատագիրը։ Խնդիրը հետևյալն է, որ Ղարաբաղը մշտապես եղել է Հայաստանինը և այսօր էլ պետք է առանձնանա և առանձին պետությունով կարողանա հանդես գալ», - հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:

XS
SM
MD
LG