Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն ստեղծում է «գերագույն պատրաստության միացյալ ուժեր»


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը ժամանում է կառավարության նիստին, արխիվ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը ժամանում է կառավարության նիստին, արխիվ

ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը պետք է ընդունի Բալթյան երեք երկրներում և Լեհաստանում մշտական ռազմաբազաներ ստեղծելու որոշում։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնն ասել է, որ ՆԱՏՕ-ն այս տարի ստեղծելու է գերագույն պատրաստության միացյալ ուժեր (Very High Readiness Joint Task Force)։

Միջազգային ստորաբաժանման կազմում կլինեն հինգ հատուկ գումարտակներ, զինծառայողների թիվը՝ մոտ հինգ հազար շարքային և սպա։

Նախարարի փոխանցմամբ, «այդ ուժերը պետք է պատրաստ լինեն երկու օրում ուղարկվել ցանկացած վայր և տեղակայվել, իսկ առաջապահ ջոկատները պետք է պատրաստ լինեն ժամերի ընթացքում զբաղեցնել անհրաժեշտ դիրքերը»։

Մայքլ Ֆելոնն այդ մասին հաղորդել է խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի հատուկ նիստում։ Խորհրդաժողովի թեման էր «Ռուսաստան. Հետևանքները Միացյալ Թագավորության անվտանգության և պաշտպանության համար»։ Քննարկման ընթացքում խոսել են ապրիլին Ռուսաստան այցելած օրենսդիրները։

«Ռուսաստանն ունի մոտ 60 բրիգադ, դրանք պատրաստ են 6-8 ժամում դիրքավորվել մեր արևմտյան թևի երկայնքով։ Ռուսները կարող են ինչ-ինչ գործողություններ սկսել Բալթյան երկրներում, փաստորեն, Ռուսաստանը կարող է անմիջապես ձեռնարկել գործողություններ։ Ըստ որոշ գնահատականների, ՆԱՏՕ-ին դրա համար շաբաթներ են պետք, արդյո՞ք այդպես է», - ասել է օրենսդիր Ջեյմս Գրեյը։

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, ավիացիայի գլխավոր մարշալ Սթյուարթ Փիչն ասել է, թե ռոսները մեծ միջոցներ են տրամադրում ցամաքային ուժերին։

«ՆԱՏՕ-ն ուժեղ է ծովում, շատ ուժեղ է օդում, ունի նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների գերակայություն, սակայն դա սոսկ թվային արտահայտմամբ, իսկ եթե խոսքը որակի մասին է, ապա ամեն ինչ կախված է մեր ուժերի կազմակերպումից, կառավարումից և կիրառումից», - ասել է մարշալը, հավելելով, որ ՆԱՏՕ-ն, իհարկե, հարկ եղած չափով հզոր է ցանկացած հավանական հակառակորդի սթափեցնելու համար։

Փիչի խոսքով, ստեղծվելիք ստորաբաժանումը կունենա ծովային և օդային ուժերի, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ նշանակության ջոկատի աջակցությունը։

Պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը նշել են, որ Վարշավայում հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է ընդունի Բալթյան երեք երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազաներ ստեղծելու որոշում։

Այդ բազաներում հերթագայության կարգով տեղակայվելու են գումարտակներ դաշինքի տարբեր երկրներից։

«Վիշեհրադյան քառյակը»՝ Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը և Հունգարիան, հաստատել են, որ իրենց զինծառայողները կուղարկվեն Մերձբալթիկա։ Ռոտացիոն կարգով ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի հերթապահությունը սկսվելու է գալիք տարվա հունվարի 1-ից։

Արևմուտքը բազմիցս է նշել Ռուսաստանից բխող ռազմական սպառնալիքի մասին։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լրացուցիչ ուժեր տեղակայի Մերձբալթիկայում և Լեհաստանում։

Ռուսաստանը, իր հերթին, հայտարարել է, որ բնավ չի ձգտում Արևմուտքի հետ առճակատման, սակայն ՆԱՏՕ-ի ցանկացած նախաձեռնությանը կտա համարժեք պատասխան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG