Մատչելիության հղումներ

Հայ և ռուս խորհրդարանականների համատեղ հայտարարություն «երևի չի լինի»


ԼՂ Պաշտպանության բանակի զինվորները շփման գծում, արխիվ

ԼՂ Պաշտպանության բանակի զինվորները շփման գծում, արխիվ

Դեռ ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցած նիստից հետո Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի փոխնախագահը վստահեցրել էր՝ հայտարարությունը չընդունելու պատճառն ընթացակարգային է:

Ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած համատեղ նիստից հետո Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովները մինչ օրս համատեղ հայտարարություն չեն ընդունել։

Դեռ ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցած նիստից հետո Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը վստահեցրեց, թե հայտարարությունը չընդունելու պատճառն ընթացակարգային է, մշակված տեքստը պետք է նախ համաձայնեցնեն խորհրդարանի մյուս հանձնաժողովների հետ։

Հայաստանում ևս համարյա 1,5 ամսվա այս ձգձգումը բացատրում են համաձայնեցման անհրաժեշտությամբ: Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանի խոսքով, «հայտարարությունն այժմ համաձայնեցման փուլում է»։ Հանձնաժողովի մյուս անդամները, սակայն, մտավախություն ունեն, որ այն կարող է ընդհանրապես չընդունվել։ «Ասվի թե չասվի, շատ ցցուն փաստ է, որ ռուսական կողմը, միգուցե որոշ ձևակերպումների հետ կապված խնդիրներ տեսնելով, դիվանագիտական մոտեցում ցուցաբերեց, հայտարարեցին, թե իրենք պետք է դա նայեն․․․ փաստ է, որ արդեն տևական ժամանակ հետո մինչ այս պահը այդ հայտարարությունը չկա»,- ասում է պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա կարծիքով՝ եթե անգամ առաջիկայում հայտարարությունն ընդունվի, այն ուշացած կլինի, քանի որ ապրիլի կեսին, երբ թեժ էր իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հայտարարությամբ պետք է դատապարտվեր Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: «Վերլուծության և հետազոտության կարիք չկար, շատ պարզ և հստակ դրված էին այն բոլոր մտահոգիչ խնդիրները, այդ թվում նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, և կարծում եմ՝ Ռուսաստանը, որպես մտահոգ կողմ, կամ առնվազն՝ իրեն այդպես ներկայացնող, պարտավոր էր դա շատ շուտ արած լիներ: Ես դա համարում եմ մեծ բացթողում և համարում եմ ոչ կոռեկտ մոտեցում՝ Ռուսաստանի համապատասխան հանձնաժողովի կողմից»,- հավելեց Քոքոբելյանը:

Հանրապետական Կորյուն Նահապետյանը հայտարարության ընդունման գործընթացի վերաբերյալ չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցերին, մտավախություն ունենալով, թե ընդունման ձգձգման վերաբերյալ ևս մեկ հարցազրույցը կարող է վնասել բանակցային գործընթացին։ Փոխարենը՝ խնդրեց մեջբերել այն, ինչ ավելի վաղ ասել էր «Հայկական ժամանակ»-ին: Պարբերականին նա ասել էր, որ այս ընթացքում 2 անգամ արդեն կապվել են ռուսական կողմի հետ ու տեղեկացել, որ Դումայի պաշտպանության կոմիտեն սպասում է մյուս հանձնաժողովների եզրակացությանը։ Նահապետյանը նաև նշել էր, որ, այնուամենայնիվ, հայկական կողմը որոշակի անհանգստություն ունի, քանի որ ավելի քան մեկ ամիս է՝ ռուսներից պատասխան չունեն։

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի մեկ այլ անդամ Էդմոն Մարուքյանը ևս կիսում է այս անհանգստությունը։ «Չի էլ ընդունվի հայտարարությունը, որովհետև այդքան ժամանակ է անցել ․․․ պարզ է, որ գնացել են ու էնտեղ որոշել են, որ չեն կարող ընդունել»,- ասում է Մարուքյանը: Նրա կարծիքով, միայն այս մեկ հայտարարության օրինակով կարելի է բնորոշել հայ-ռուսական հարաբերությունների որակը: «Դե, իրենց էլ ենք զենք վաճառում, ձեզ էլ ենք վաճառում, դե, իրենք էլ են կրակել, դուք էլ եք կրակել. էս մոտեցումներն է, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների ակնկալիքներն առ այն, որ նրանք պետք է մեզ պաշտպանեին կամ իրենց դիրքորոշմամբ ավելի հայանպաստ լինեին, դա, ըստ էության, հօդս ցնդեց ապրիլյան պատերազմից հետո»,- հավելեց Մարուքյանը:

Ապրիլին անցկացված նիստը դնփակ էր, հայտարարության նախագծի տեքստը լրագրողներին չէր տրամադրվել: Նիստի ընթացքում, սակայն, ռուսական կողմը, ըստ ներկա պատգամավորների, տեքստի վերաբերյալ բարձրաձայն առարկություն չէր հայտնել։

XS
SM
MD
LG