Մատչելիության հղումներ

logo-print

Գործարար Րաֆֆի Մխջյանը հայտարարում է՝ Պետեկամուտների կոմիտեն խոչընդոտում է իր գործունեությունը՝ ներմուծման մաքսատուրք պահանջելով Հայաստանում արտադրված և Վրաստան արտահանված սուրճի չվաճառված մասը Հայաստան վերադարձնելու համար:

Մխջյանը, ով նաև Արտահանողների միության ղեկավարն է, ընդգծեց՝ Վրաստան սուրճ է արտահանում 2002թ․-ից և նախկինում երբեք նման իրավիճակ չի եղել, որպեսզի մաքսատուրք վճարի իր արտահանած ապրանքի չվաճառված մասը հետ վերադարձնելու համար:

«ԱՊՀ-ի օրենքով, բացի դրանից՝ մենք [Հայաստանը] պայմանագիր ունենք Վրաստանի հետ, որ ամեն ինչ փոխադարձ է, եթե հայկական է՝ Վրաստանը չի վերցնում մաքսատուրք: Այդ նույն հաջողությամբ այդ ապրանքը գնացել է այստեղից Վրաստան, վրացիք մաքսատուրք չեն վերցրել այդ ապրանքին: Բա ո՞նց եղավ, որ հետ եկանք՝ Հայաստանում հայերը հայկական ապրանքին մաքսատուրք են վերցնում: Սա աբսուրդի գագաթնակետն է», - կարծիք հայտնեց գործարարը:

Ըստ Մխջյանի, ՊԵԿ-ը պահանջում է վճարել 1 միլիոն 400 հազար դրամ մաքսատուրք: Բյուջեն լցնելու խնդիր կա՝ ենթադրում է գործարարը:

Արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող գործարարն ասում է՝ եթե ինքը լիներ օլիգարխ կամ ազգակցական, խնամիական կապեր ունենար Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ, ՊԵԿ-ը նման մոտեցում չէր ցուցաբերի:

«Օլիգարխների դեպքում բոլորովին ուրիշ է վերաբերմունքը, բոլորովին ուրիշ է այդ պրոցեսների ընթացքը: Ես ցավով եմ ասում, բայց սա իրականությունն է», - ասում է Մխջյանը:

Կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքար ծավալելու մասին իշխանությունների հերթական հայտարարության շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդամենը օրեր առաջ էր պահանջել Պետեկամուտների կոմիտեից հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար՝ անցած հինգշաբթի կառավարության նիստում հայտարարելով․ - «Պետական եկամուտների կոմիտեին նաև հանձնարարություն, որպեսզի հարկային և մաքսային հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր ներկրողների համար: Դա լինելու է վերահսկողության ծառայության ներքո, ստուգելու են»:

Րաֆֆի Մխջյանը, մինչդեռ, թերահավատ է․ - «Ես ուզում եմ ապացույցներ, ես չեմ ուզում առաջին զոհը լինել այդ հարցում․ ինչ-որ մի կոնտեյներ շաքար բերեմ, օրինակ: Ես ուզում եմ տեսնեմ՝ եթե ինչ-որ մեկը բերեց, ողջ մնաց, նոր դրանից հետո կփորձեմ նման բաների մասին մտածել»:

Ի պատասխան այս առնչությամբ «Ազատույան» հարցմանը` Պետեկամուտների կոմիտեից գրավոր կարգով փոխանցեցին հետևյալը. - «Տեղեկացնում ենք, որ գործարար Րաֆֆի Մխջյանը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխա­տա­կիցներին՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունում վերամշակված և վաճառքի նպատակով Վրաստան վերաարտահանված սուրճի այն մասը, որը չի վաճառվել, վերադարձրել է Հայաստանի Հանրապետություն և այն ձևակերպելու է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Միաժամանակ, վերադարձվող սուրճի մասով մաքսատուրքի վճարումից ազատվելու նպատակով գործարարը վկայակոչել է Հայաս­տանի Հանրապետության և Վրաստանի միջև կնքված՝ ազատ առևտրի համաձայնագիրը:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները գործարարին բացատրել են, որ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի դեպքում (ի դեպ, մաքսային ընթացակարգը տնտեսվարող սուբյեկտն ինքն է ընտրում սեփական նախա­ձեռ­նությամբ, քանի որ ՀՀ ԿԱ պետա­կան եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգի ընտրություն չի կատարում) Վրաստա­նից ներմուծվող ապրանքի համար պետք է վճարվի մաքսատուրք, քանի որ Հայաստանի Հանրա­պե­տու­թյան և Վրաստանի միջև կնքված՝ ազատ առևտրի համաձայնագիրը տվյալ պարա­գա­յում կիրառելի չէ, այն կկիրառվեր միայն այն դեպքում, եթե ներմուծվող ապրանքներն ունենա­յին ոչ թե հայկական, այլ վրացական ծագում: Գործարարին նաև բացատրվել է, որ դա է պատճառը, որ Հայաստանում վերա­մշակված (հայկական ծագում ունեցող) սուրճը նախ­կի­նում Հայաստանի Հանրապետությունից Վրաս­տան արտահանելու ժամանակ Վրաստա­նում մաքսատուրք չի գանձվել:

Միաժամանակ, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն առաջար­կել են առկա խնդիրը կարգավորել Մաքսային միության մաքսային օրենսգրքի 292-րդ և 293-րդ հոդ­վա­ծներով սահմանված կարգով՝ Վրաստանից վերադարձվող ապրանքները «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրելու փոխարեն` դրանք հայտա­րա­րագրելով «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ ապրանքների ներմուծման դեպքում համապատասխան մաքսային ընթացակարգի ընտրության իրավունքը վերապահված է ներ­մու­ծողին՝ տեղեկացվում է, որ առկա խնդիրը կարող է լուծվել գործարարի կողմից «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի փոխարեն Մաքսային միության մաքսա­յին օրենսգրքի 292-րդ և 293-րդ հոդ­վա­ծներով սահմանված՝ «Վերաներմուծում» մաքսային ընթա­ցակարգը ընտրելու միջոցով»:

XS
SM
MD
LG