Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի նստավայրի մոտ այսօր բողոքի ցույց էին անցկացնում Բյուրեղավանի շշերի գործարանի նախկին աշխատակիցները՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը:

«Ազատության» հետ զրույցում ցուցարարները հատուկ ընդգծում էին, որ իրենց ակցիան քաղաքական չէ, պարզապես պահանջում են իրենց հասանելիք աշխատավարձը:

Նրանցից մեկն ասաց, որ չվճարված աշխատավարձեր կան անգամ 2014 թվականից, և պնդեց․ - «Բայց, մենք այդ աշխատավարձերը չստանալով, պետությանը հարկեր ենք վճարել՝ մեր եկամտահարկն է պահվել, բոլոր պահումներն արվել են»:

Գործարանը կես տարի առաջ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել՝ ունենալով մոտ 150 աշխատողներին չվճարված աշխատավարձի պարտք: Նախագահի նստավայրի մոտ նախորդ ցույցերից հետո գործարանի ղեկավարությունը, ցուցարարների փոխանցմամբ, փակել է այդ պարտքի մի մասը, սակայն չվճարված է մնում մոտ երեք տասնյակ նախկին աշխատակիցների վեց ամսվա աշխատավարձը․ - «Ահագին մարդ ստացավ փող: Փոքր գումարները: Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ խտրականություն է ստացվում․ «Հրազդան ցեմենտ»-ի 512 միլիոնը Էկոնոմիկայի նախարարը մտավ Ազգային ժողով քանի անգամ, մինչև համոզեցին, որ ներեն: Իսկ մեր գործարանը, որ բոլոր մուծումներն արել է՝ սոցվճարներ, հարկեր․․․ Մեզնից հարկ են վերցրել՝ եկամտահարկ, բայց աշխատավարձը չենք ստացել»:

Նախագահական նստավայր եկածները ափսոսանքով են խոսում նախկին աշխատատեղի մասին, ասում են, թե ոչ վաղ անցյալում նոր տեխնոլոգիաներով համալրված գործարանը, որը միայն Վրաստանի Բորժոմի գործարանի պատվերով կարող էր աշխատել, սնանկացավ վատ կառավարման հետևանքով։

«Տերը պիտի անհանգստանա, թե ինչի՞ ա իրա գործարանը էդ վիճակում: Տերը Լենինգրադում ա, Կլյամկո Անդրեյ: Ինքն էլ ասում ա՝ ես ձեզ 30 միլիոն դոլար ներդրում եմ արել, գործարանը սարքել եմ, եկամուտ չեմ ստացել, հիմա ասում ա՝ էդ 73 միլիոնը տվեք՝ ժողովրդի փողը փակեմ», - ասաց ցուցարարներից մեկը:

«Ազատության» հետ զրույցում սնանկության գծով կառավարիչ Տիգրան Հարությունյանն ասաց, որ գործարանն արդեն մարել է գրեթե բոլոր աշխատողների պարտքերը, առաջիկայում կվճարի նաև բողոքի ցույցի եկածներինը։ «Միայն թե ժամանակ է հարկավոր», - ասաց Հարությունյանը՝ նշելով, թե 140 աշխատակից արդեն ստացել է աշխատավարձը։

Նման խոստումներ Բյուրեղավանի շշերի գործարանի նախկին աշխատողները շատ են լսել: Նրանք դեռևս կարողանում են գոյատևել բարեկամների ու պարտքերի հաշվին:

Տիգրան Հարությունյանը նշեց, որ Բյուրեղավանի շշերի գործարանի ղեկավարությունը առողջացման ծրագիր է պատրաստել՝ ակնկալելով, որ այն կփրկի փակման ենթակա ընկերությունը։

Ուշագրավ է, որ սնանկացումից ընդամենը մեկ տարի առաջ կառավարությունը արտոնություն էր տվել գործարանին՝ երեք տարով հետաձգելով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը: Կառավարության այդ նիստում այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ոգևորությամբ էր խոսել ապակյա տարաներ արտադրող գործարանի հաջողությունների մասին, նշել էր, թե ընկերությունը պատրաստվում է խոշոր ներդրումներ անել և արտադրանքի կեսը արտահանել Միացյալ Նահանգներ, Վրաստան և Բելառուս: Գործարանի ֆինանսական ճգնաժամի մասին չէր խոսվում, սակայն սնանկացումից հետո գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Թորոսյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե գնորդներ չունեին, հայտնվել էին լուրջ ֆինանսական խնդիրների առջև ու պարտքեր էին կուտակել:

Համաձայն դատական տեղեկատվական համակարգի, Բյուրեղավանի շշերի գործարանը սնանկ է ճանաչվել օֆշորում գրանցված «Օփթիլինկ հոլդինգս» ընկերության հայցի հիման վրա․ 10 տարի առաջ գործարանն այս ընկերությունից ավելի քան 3 միլիոն դոլար է ստացել։ Չկարողանալով վճարել պարտքը՝ գործը հասել էր սնանկացման։

XS
SM
MD
LG