Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը


Կարևորագույն հարցեր էին դրվել, որոնք հաշվի չեն առնվել, շեշտում է ընդդիմադիր պատգամավորը։

Ազգային ժողովը ձայների 102 կողմ, 17 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը։

Քվեարկությունից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց. - «Մենք թեև այսօր ներկայացնում ենք Ընտրական օրենսգիրքը, բայց նաև այսօր պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատելու մեր հայտարարությունը, որը տեղի ունեցավ երկրորդ ընթերցման ժամանակ, որ եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել փոխադարձ ընդունելի այնպիսի մեխանիզմներ, որոնք է՛լ ավելի կուժեղացնեն Ընտրական օրենսգիրքը, որոնք կլինեն իրատեսական, մենք իսկապես պատրաստ կլինենք հրավիրելու նաև արտահերթ նստաշրջան կամ նիստ և ներկայացնելու առաջարկություններ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար»։

Նախարարը նաև ասաց, որ այդ ժամանակ կօգտագործեն առիթը՝ նաև անդրադառնալու այն առաջարկություններին, որոնք ներկայացվել են սահմանված ժամկետից ուշ և որոնց անդրադառնալու հնարավորություն չի եղել։ «Կաշխատենք այդ առաջարկությունները ևս դարձնել քննարկման առարկա», - ասաց Հարությունյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քվեարկության դրվող նախագիծը չի լուծում հանրության, քաղաքական ուժերի կողմից բարձրացրած որևէ հարց և խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։ «Մենք արձանագրում ենք, որ Ընտրական օրենսգիրքը, կամ դրա նախագիծը այս վիճակում, որ հիմա դրվում է քվեարկության, չի լուծում որևէ հարց՝ կապված ԵԱՀԿ-ի առաջարկությունների կատարման հետ, չի լուծվում որևէ հարց՝ կապված հանրության կողմից և քաղաքական ուժերի բարձրացրած հարցերի շուրջ, և դա է պատճառը, որ մենք քվեարկելու ենք դեմ, բայց նաև այն ըմբռնումով, որ կշարունակվեն աշխատանքները կոնսենսուսի ձեռքբերման ուղղությամբ», - ասաց Զուրաբյանը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հավելեց. - «Կարևորագույն հարցեր էին դրվել, որոնք հաշվի չեն առնվել։ Մեծ ռիսկի տակ եք վերցնում՝ փորձելով ձևավորել երկու երրորդի մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, հետո ինքներդ փոշմանելու եք, որ ընդդիմությանն այդքան նեղացնում եք, մենք էլ քվեարկելու ենք դեմ՝ առանց ըմբռնման»։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողները մտահոգություն էին հայտնել Ընտրական օրենսգրքի նախագծի այն դրույթների առնչությամբ, որոնք արգելում են երեքից ավելի կուսակցություններից կազմված կոալիցիաներին կառավարություն կազմել ընտրությունների առաջին փուլում։ Դավիթ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այդ դրույթը չեն փոփոխի։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG