Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կեղծիքների վերաբերյալ ԼՂ ԱԳՆ հայտարարությունը՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում և ԱԽ-ում


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․
ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանումը շփման գծում, ապրիլ, 2016թ․

Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունը Ադրբեջանի կեղծիքների վերաբերյալ տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում, այս մասին Թվիթերում հայտնել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչությունը մայիսի 17-ին հայտարարություն տարածեց, նշելով, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հերթական մտացածին հայտարարություններով` ապրիլի 2-5-ը մարտական գործողությունների ընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերի ենթադրյալ կիրառման վերաբերյալ։

«Շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելու ավանդական արշավը՝ Ադրբեջանը չի խորշում դիմել կեղծիքների և բացահայտ մեքենայությունների։ Իր քարոզչական գործողություններին կշիռ հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը փորձում է դրանց մեջ ներքաշել նաև Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին ու ռազմական կցորդներին», - ասված է Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունում։

Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումը վաղուց արդեն կանոնավոր բնույթ են ձեռք բերել և դարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժան մասը, շեշտել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շարունակելով․ - «Դեռևս 1992 թվականին ադրբեջանական կողմը հանդես էր գալիս քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին համանման մեղադրանքներով, որոնք այն ժամանակ հերքվեցին ՄԱԿ-ի հատուկ փաստահավաք առաքելության կողմից։ ՄԱԿ-ի փորձագետների հետևությունների ու եզրակացությունների հիման վրա, որոնք ներկայացված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1992 թվականի հուլիսի 24-ի S/24344 թվակիր փաստաթղթում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հաստատեց, որ «խմբին չի ներկայացվել քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց»: Նախարարությունն ընդգծել է, որ հաջորդած տարիներին ադրբեջանական կողմը հանդես է եկել նույնքան անհեթեթ և չհաստատված մեղադրանքներով՝ 1993 թվականին Ադրբեջանի դեմ միջուկային զենքի կիրառման և Լեռնային Ղարաբաղում միջուկային թափոնների թաղման (ԵԽԽՎ 2002 թվականի մայիսի 7-ի N 9444 փաստաթուղթ), Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բակտերիոլոգիական զենքի բազայի վերածման (ԵԽԽՎ 2002 թվականի հունվարի 31-ի N 9336 փաստաթուղթ), թմրամիջոցների աճեցման ու արտադրության և այլնի վերաբերյալ։

«Ընդ որում, ադրբեջանական կողմը վկայակոչում էր գոյություն չունեցող գիտական հանդեսներ, զեկույցներ, կազմակերպություններ և լաբորատորիաներ։ Վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է արդարացնել ուժի կիրառման և 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերի լիակատար ու անշեղ պահպանումից (ինչը պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները) հրաժարվելու իր քաղաքականությունը, այլև նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի զինծառայողների ու խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բանակի իրագործած իրական ռազմական հանցագործություններից», - ասված է հայտարարությունում։

Ղարաբաղի արտաքին գերատեսչությունը կոչ է արել միջազգային հանրությանը՝ առավելագույնս քննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմի այդօրինակ մերկապարանոց պնդումներին։

«ԼՂՀ-ն իր հերթին պատրաստ է ընդունել հատուկ դիտորդական առաքելություն՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու և ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ու դրա ընթացքում իրագործված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները հետաքննելու համար», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG