Մատչելիության հղումներ

logo-print

Հովակիմյանը Ստամբուլի համաժողովում հակադարձել է Ալիևին


ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ելույթ է ունենում Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովում, Ստամբուլ, 24-ը մայիսի, 2016թ․

ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ելույթ է ունենում Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովում, Ստամբուլ, 24-ը մայիսի, 2016թ․

Ստամբուլում անցկացված Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովում երեքշաբթի օրը ելույթ է ունեցել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը՝ առաջին հերթին անդրադառնալով ապրիլի սկզբի չորսօրյա պատերազմին:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջերս իրականացված զարհուրելի բարբարոսությունը, ներառյալ քաղաքացիական բնակչության` հատկապես երեխաների, կանանց և տարեցների, ինչպես նաև քաղաքացիական հաստատությունների` ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների, դիտավորյալ ու համատարած թիրախավորումը, սպանությունները, գլխատումները, խոշտանգումները ու զոհերի մարմինների անդամահատումներն անհամատեղելի են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի հետ», - հայտարարել է Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ այդ ամենը արդյունք է հայերի հանդեպ ռասիզմի, անհանդուրժողականության ու ատելության խրախուսման երկարատև քաղաքականության, որն իրականացվում է ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների թողտվության պայմաններում: «Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ու կանոնավոր խախտումները և բարձրագույն քաղաքական մակարդակով` հանցագործություններում անմիջականորեն ներգրավված անձանց փառաբանումն ինքնին հանդիսանում են մարդկության դեմ կատարված և պատերազմական հանցագործություններ», - ընդգծել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

Արձագանքելով նախորդ օրը գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին՝ Աշոտ Հովակիմյանը շեշտել է, որ «Ադրբեջանի նախագահը, ով կրում է անձնական պատասխանատվություն ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին և ԻԼԻՊ-ի ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, երեկ այս բարձր ամբիոնից տարածում էր հորինված մեղադրանքներ հայերի հանդեպ»: «Նրա արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, և իհարկե Հայաստանի զինված ուժերը երբևէ չեն կիրառել քիմիական զենք: Հաշվի առնելով, թե Ադրբեջանի նախագահը որքան հաճույք է ստանում, մեջբերելով Հայաստանի նախկին պաշտոնյաների խոսքերը, վստահաբար ավելի լավ կլիներ, եթե նա հղում կատարեր իր նախորդներից մեկին, ով մեղադրում էր Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությանն` իր իսկ սեփական ժողովրդին Խոջալուում կոտորելու համար», - ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

Աշոտ Հովակիմյանը անդրադարձել է նաև Սիրիայի փախստականների խնդրին՝ նշելով, որ Հայաստանը առաջիններից մեկն էր, որ խստորեն դատապարտեց «Իսլամական պետության» և ահաբեկչական մյուս խմբավորումների բարբարոսական գործողությունները ընդդեմ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ սիրիահայերի:

«Հայաստանը Սիրիայից մոտավորապես 20 հազար փախստականների է ընդունել՝ դառնալով ըստ բնակչության թվաքանակի ամենաշատ փախստականների ընդունած երկիրը Եվրոպայում», - ասել է փոխնախարարը՝ նշելով, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերից շատերը Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են:

Իր ելույթի վերջում Հովակիմյանը կարևոր է համարել միջազգային հանրության կողմից փախստականներին և տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը՝ ասելով, որ արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է ունենան համընդհանուր կիրառելիություն՝ անկախ մարդկանց բնակվելու վայրի կարգավիճակից:

XS
SM
MD
LG