Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի պատգամավորներ․ Ադրբեջանը վերածվել է ահաբեկչական պետության


Ֆրանսիացի պատգամավորները ԼՂ Ազգային ժողովում: 24-ը մայիսի, 2016 թ․

Ֆրանսիացի պատգամավորները ԼՂ Ազգային ժողովում: 24-ը մայիսի, 2016 թ․

«Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը վերածվել է ահաբեկչական պետության, և ժամանակն է, որ միջազգային հանրությունը հաշվի նստի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ», - ԼՂ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը այսօր հայտարարեցին Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը և Ռենե Ռուքեն:

«Ֆրանսիա - Հայաստան» և «Ֆրանսիա - Ղարաբաղ» բարեկամության խմբերը գլխավարող Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները այս օրերին պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղում են:

Նրանք վստահեցրին, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, ամեն ինչ անելու է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց, որ «Ֆրանսիա - Ղարաբաղ» բարեկամության խմբում ընդգրկված ֆրանսիացի պատգամավորները «ակտիվորեն աշխատում են Ֆրանսիայի քաղաքական ղեկավարության հետ՝ հնարավորինս ճշգրիտ ներկայացնելու իրականությունը»:

«Ես անցյալ տարի սեպտեմբերին ասել էի, որ Ադրբեջանը ահաբեկչական պետության ձևով է իրեն պահում», - այսօրվա հանդիպմանը ասաց Ռոշբլուանը և շարունակեց․ - «Եվ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ ամսին, ես այլևս չեմ ասում, որ Ադրբեջանը ահաբեկչական պահվածք ունի, ես ասում եմ, որ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»:

Ողջունելով մայիսի 16-ին Վիեննայում Սարգսյան - Ալիև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ֆրանսիացի պատգամավորը վստահեցրեց, որ ՄԽ համանախագահների այդ առաջարկությունները, հատկապես վստահության հաստատման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, կամրապնդեն խաղաղությունը և լավ հիմք կծառայեն հետագա ակտիվ բանակցությունների համար․ - «Սկզբունքորեն մի նոր հանդիպում տեղի կունենա: Հնարավոր է Փարիզում կամ մեկ այլ մայրաքաղաքում: Բայց մենք չէինք ուզենա, որ սա հերթական մի հանդիպում լիներ: Այս բանակցությունները, հանդիպումները պետք է որ ի վերջո արդյունքի հանգեցնեն, և ես կարծում եմ, որ բոլորը շահագրգռված են դրանում, այդ թվում՝ նույնիսկ Ադրբեջանը»:

Իսկ «Ֆրանսիա - Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Ռենե Ռուքեն հայտարարեց, որ Ադրբեջանն իր «կեղծ ու ագրեսիվ քարոզչությամբ խեղաթյուրում է իրականությունը»՝ փորձելով «արդարացնել իր ոտնձգությունները Արցախի ժողովրդի նկատմամբ»․ - «Բանակցությունների հիմնական թեման պետք է դառնա Արցախի ինքնորոշման գերակա ճանաչումը և Արցախի անկախության ճանաչումը»:

Հանդիպման ավարտին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ասաց․ - «Ուզում եմ, որպեսզի նրանք [ֆրանսիացի պատգամավորները] հաստատ իմանան, որ մենք այստեղ մեր պայքարը մտադիր ենք շարունակել մինչև վերջ՝ անկախ նրանից, թե ինչպիսի իրավիճակ, ինչպիսի դիմակայություն է մեզ պարտադրվելու»:

Այսօր ավելի վաղ ֆրանսիացի պատգամավորները այցելել էին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների թիրախում հայտնված Թալիշ և Մատաղիս համայնքները, եղել էին առաջնագծում: Նրանք ասացին, որ տեսած ավերածությունների մասին տեղեկությունները կփոխանցեն Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին:

XS
SM
MD
LG