Մատչելիության հղումներ

Արմավիրում գյուղացիները պնդում են, որ կարկուտն ու քամին մեծ վնաս են հասցրել


Արևիկ գյուղի բնակիչ Վոլոդյա Բադալյանն այսօր ամբողջ օրը շրջել է իր խաղողի այգում՝ փորձելով հաշվարկել երեկ տեղացած կարկուտի ու ուժեղ քամու վնասները։ Մասնագետներ դեռ չեն եկել, սակայն նա վստահ է, որ բերքի կեսից ավելին կորցրել է։

Կարկուտը ոչ միայն մշակաբույսերը, այլև հաստաբուն ծառերն է վնասել։ Արևիկցիները արդեն մի քանի տարի է բարձրաձայնում են հակակարկտային կայանի անհրաժեշտության մասին։ Ասում են, որ ամեն տարի բերքը կորցնելու վտանգի առաջ են կանգնում։

«Ամբողջ մարզում կա, բացի Արևիկից: Որ ամենաշատ խաղողը ամբողջ Հայաստանում Արևիկում է լինում, մեր գյուղին չեն տալի», - «Ազատության»-ն ասաց գյուղացիներից մեկը:

Հարևան Տանձուտում, ըստ մասնագետների հաշվարկի, փչացել է բերքի շուրջ ութսուն տոկոսը։ Երեկ տանձուտցիները նույնիսկ ճանապարհ են փակել, որպեսզի պաշտոնյաների ուշադրությունը խնդրի վրա հրավիրեն։ Այստեղ հակակարկտային կայան թեև տեղադրված է, սակայն, բնակիչների պնդմամբ, այն հազվադեպ է գործի դրվում․ - «Կարկուտը էկավ, պրծավ, արևը հելավ, նոր մի քանի հատ կրակել են»:

Մեկ այլ գյուղացի վրդովվեց․ - «Մարդիկ բանկի տոկոսների տակը ճռռում են, վարկերը չեն կարողանում փակեն, որովհետև եկամուտ չեն ունենում․․․ Բերում են տասը լիտր սալյարկա են տալըմ կամ կուկուռուզի սերմ․․․ Ինչի՞ համար չեն կրակում հակակարկտային կայանները, ո՞վ ա դրա պատասխանատուն, ո՞վ պըտի դրա համար պատասխան տա, ո՞վ պըտի ժողովրդի հարցին պատասխան տա, որ էրեխեքը սոված են մնում, բանկերն են հարստանում: Իրանք էլ գալիս են ծափ են տալըմ, թողում ստեղից էթում են, ընչի՞ են գալի․․․»

Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, ով այսօր Տանձուտ էր եկել, ոչ միայն չպատասխանեց «Ազատության» հարցերին, այլև ասաց, թե տեսախցիկն իրեն խանգարում է։

Փոխնախարարը գյուղացիներին հորդորում էր չանհանգստանալ, խոստանում էր, որ պարարտանյութ կբաժանվի, բույսերն էլ կվերականգնվեն։

Տանձուտի բնակիչներից մի քանիսը զայրացան այս հայտարարությունը լսելով․ - «Մի միլիոն դրամ ես ծախս եմ արել: Ասում են՝ էրկու մեշոկ պարարտանյութ կտանք, կդզվի․․․ Էսի դզվելու բան ա՞»:

Արմավիրցիները կարկուտից փչացած բերքի դիմաց վերջին անգամ 2013-ին են փոխհատուցում ստացել՝ 30-40 հազար դրամի չափով։ Գյուղացիները պահանջում են, որպեսզի փոխհատուցումը վնասին համարժեք լինի, իսկ վարկերը որոշ ժամանակով սառեցվեն։ Ասում են, որ դեռ նախորդ տարվանից դժվարությամբ իրացված խաղողի գումարը չստանալու պատճառով վարկերը մարել չեն կարողանում։

Մի քանիսն արդեն դատարան են կանչվել․ - «Կանչել են դատարան․․․ Յանի բանկի փողերը շատ կարացանք տայինք, որ հըմի էլ դատարանի փողերը պտի տանք»:

Երեկոյան Արմավիր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանն է այցելել ու խոստացել զբաղվել հակակարկտային կայանների տեղադրման ու վարկերի սառեցման հարցով։

XS
SM
MD
LG