Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը համոզված է՝ երկրում տնտեսական ճգնաժամ է


Մոսկվայում գործող միանգամից երկու սոցիոլոգիական ծառայություններ հրապարակել են վերջին հետազոտությունների արդյունքները։

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը` շուրջ 80 տոկոսը, համոզված է՝ երկրում տնտեսական ճգնաժամ է, որի ավարտը տեսանելի ապագայում չի նշմարվում: Սա են վկայում Մոսկվայում գործող միանգամից երկու սոցիոլոգիական ծառայությունների՝ «Լևադա» անկախ կենտրոնի և իշխանությունների հետ սերտորեն համագործակցող «Հասարակական կարծիք» հիմնադրամի` ФОМ-ի անցկացրած վերջին հետազոտությունները:

«Լևադա» կենտրոնի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների 82 տոկոսը երկրի տնտեսությունում ստեղծված կացությունը ճգնաժամային է որակում:

ФОМ-ի տվյալներով՝ ռուսաստանցիների 79 տոկոսն է համոզված, որ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է: Իսկ որքա՞ն դեռ կշարունակվի այս ճգնաժամը․ այս առումով՝ թե՛ իշխանամետ, թե՛ անկախ ռուսաստանցի սոցիոլոգների կողմից իրականացված հարցումների արդյունքները իրարից քիչ են տարբերվում` դրանց մասնակիցները լավատես չեն:

«Լևադա» կենտրոնի կողմից հարցված ռուսաստանցիների 41 տոկոսը, օրինակ, վստահ է` ճգնաժամը կտևի առնվազն երկու տարի կամ ավելի քան երկու տարի, և դրա հետևանքները դեռ շատ երկար կզգացվեն: «Հասարակական կարծիք» հիմնադրամի հետազոտության մասնակիցների 44 տոկոսն էլ համոզմունք է հայտնել, որ մեկ տարի անց` 2017-ի գարնանը, տնտեսական ճգնաժամը երկրում կամ ավելի խորացած կլինի, կամ էլ կմնա նույն մակարդակի վրա:

Ռուսաստանցի սոցիոլոգները նաև փորձել են պարզել՝ որոնք են տնտեսական ճգնաժամի հիմնական դրսևորումները, որ նկատում են շարքային քաղաքացիները: ФОМ-ի հետազոտության մասնակիցների 40 տոկոսը որպես ճգնաժամի գլխավոր առանձնահատկություն մատնանշում է սպառողական գների և սակագների աճը, 31 տոկոսը` կենսամակարդակի կտրուկ անկումն ու աշխատավարձերի նվազումը։ Ռուսաստանցիների ևս 15 տոկոսի կարծիքով էլ՝ վերջին 20 տարիների թերևս ամենասուր այս ճգնաժամի գլխավոր հետևանքը գործազրկության աճն է:

Իսկ ո՞րն է այն հիմնական ներքին սպառնալիքը, որ այսօր ծառացել է Ռուսաստանի Դաշնության առջև․ «Լևադա» կենտրոնի սոցիոլոգների այս հարցին ի պատասխան՝ ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը կրկին մատնանշում է տնտեսական ասպարեզում առկա խնդիրների շարքը, այդ թվում՝ տնտեսական աճի տեմպերի դանդաղումն ու պետական պարտքի ծավալի աճը:

Երկրին սպառնացող վտանգների թվում ռուսաստանցիները հիշատակում են նաև իշխանությունների անվերահսկելի պահվածքն ու կենտրոնական կառավարության թուլացումը, ինչն էլ, իր հերթին, վտանգում է Ռուսաստանի՝ որպես պետության միասնականությունը:

Ի դեպ, «Լևադա» կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքներից պարզ է դառնում, որ ռուսաստանյան տնտեսական դաշտ է վերադարձել մի խնդիր, որի մասին վերջին տարիներին գրեթե չէին հիշում: Խոսքն աշխատավարձերի վճարումների ուշացման մասին է: Հարցվածների 36 տոկոսը նշում է, որ վերջին տարիներին այս ոլորտում իրադրությունը զգալիորեն վատթարացել է: Վերջին անգամ նման ցուցանիշ Ռուսաստանում արձանագրվել էր ավելի քան 10 տարի առաջ` 2005 թվականի դեկտեմբերին:

XS
SM
MD
LG