Մատչելիության հղումներ

Երևանյան տաքսու վարորդները պնդում են, որ քաղաքապետարանը կարմիր գծեր ավելացնելու նպատակով դիտավորյալ նվազեցնում է տաքսիների կայանատեղիները:

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի, Երևանի երկաթուղային կայարանի մոտ ու Ազատության պողոտա - Մամիկոնյանց խաչմերուկում կայանող տաքսիստներն այսօր բողոքի ակցիա անցկացրին Երևանի քաղաքապետարանի մոտ: Նրանց լսելու եկավ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Երևան քաղաքում, հատկապես կենտրոնական մասում, հատկացված է 122 կայանատեղի, 700 մեքենայից ավելի կանգնման տեղ ունի», - հայտարարեց Նավասարդյանը:

Ազատության պողոտայում կայանող շուրջ երկու տասնյակ վարորդները բարձրացրին իրենց կայանատեղիին հարակից խանութի տիրոջ վարքի հարցը: «Ոսկե գետակ» խանութի սեփականատերը կարմիր գծանշանները ծառայողական ավտոկայանատեղիի է վերածել ու արգելում է տաքսու վարորդներին այդ հատվածում մեքենա կայանել:

«Քաղաքապետարանը դիմացի խանութին վաճառել է այդ տարածքը», - պնդում էին վարորդները:

Իրավիճակին ծանոթանալու համար Հենրիկ Նավասարդյանն այցելեց հիշյալ տարածք: Տրանսպորտի վարչության պետը հաստատեց, որ քաղաքապետարանը «Ոսկե գետակ» խանութին ծառայողական տարածք հատկացրել է, հետևաբար՝ ցուցանակն օրինական է, իսկ տաքսու վարորդներին հորդորեց 50 մետր վերևում՝ տաքսիների համար նախատեսված տարածքը զբաղեցնել:

«Ընդեղ էլա եղել տաքսի քշողները՝ վաղուց նրանք առանձին գրուպա են՝ 30 հոգի, 20 հոգի ստե՝ առանձի գրուպայա», - բողոքեցին վարորդները, - «Տարբերությունը մեծա․․․ էստեղից մեր պասաժիրները գալիս են դալանից ու թերթի բուդկայի դիմացից»:

Ծառայողական մեքենաների կայանման ցուցանակը հեռացնելու՝ տաքսիստների պահանջը չբավարարվեց:

XS
SM
MD
LG