Մատչելիության հղումներ

Բունդեսթագի փոխնախագահ․ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով


Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի (ձ) և Էդելգարդ Բուլմահնի համատեղ ասուլիսը: 24-ը մայիսի, 2016 թ․

Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովի (ձ) և Էդելգարդ Բուլմահնի համատեղ ասուլիսը: 24-ը մայիսի, 2016 թ․

«Մենք համոզված ենք, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և չի լուծվի ռազմական ճանապարհով», - այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը:

Բուլմահնը Հայաստան է ժամանել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերով և այսօր հանդիպել է խորհրդարանականներին: Ղարաբաղյան հակամարտությունը եղել է հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահն ասաց, որ իրենք կարևորում են շփման գծում մշտադիտարկման հաստատումը՝ հակամարտության սրացումը թույլ չտալու նպատակով, հույս հայտնելով, թե հունիսին Ղարաբաղի հարցով նախատեսված հանդիպումները արդյունավետ կլինեն խաղաղության հաստատման համար․ - «Հույս ունենք, որ հրադադարի մասին օրերս ձեռք բերված պայմանավորվածությունը հիմք կհանդիսանա բանակցությունները հետագայում վերսկսելու համար, և որ այդ բանակցությունների հիմքում կշարունակեն մնալ Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները»:

Ըստ Բուլմահնի, Գերմանիայի մղումը իրավիճակի նոր թեժացումները կանխելն է․ - «Եվ քանի որ Գերմանիան այս տարի ստանձնել է նախագահությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր անձնական ջանքերը կներդնի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»:

Գերմանացի օրենսդիրը նաև կոչ արեց կողմերին պահպանել հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Հրադադարը պահպանելու վերաբերյալ երկու կողմերին ուղղված կոչին Էդուարդ Շարմազանովը արձագանքեց․ - «Կարծում եմ, որ մոնիտորինգի մեխանիզմները ներդնելուց հետո այլևս կարիք չի լինի կողմերին կոչ անել, այլ կարիք կլինի կոչ անել նրան, ով որ խախտել է մշտապես»:

Էդելգարդ Բուլմահնը, ով իր այցը սկսել է Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությամբ, հայաստանցի գործընկերների հետ հանդիպմանը խոսել է նաև Գերմանիայի խորհրդարանում հունիսի սկզբին քննարկվելիք բանաձևի մասին, որը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հայերի և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը: Նրա փոխանցմամբ, բանաձևը Բունդեսթագում քվեարկության կդրվի հունիսի 2-ին․ - «Այս բանաձևում առաջին հերթին կդատապարտվեն Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանումները, նրանց դեմ կատարված բռնություններն ու ջարդերը: Բանաձևում մենք դատապարտելու ենք նաև տխրահռչակ դերը, որ ունեցել է Գերմանական կայսրությունը: Լինելով Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակիցը և իր դիվանագիտական աղբյուրներից տեղյակ լինելով իրադարձություններին՝ Գերմանական կայսրությունը չի կանխել դրանք»:

Բուլմահնի կարծիքով, Թուրքիայում ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր համարձակորեն առերեսվում են իրենց պատմությանը և քննադատաբար են մոտենում Օսմանյան կայսրության վարած քաղաքականությանը: Իսկ Գերմանիան, նրա խոսքով, ցանկանում է աջակցել հայ և թուրք ժողովուրդներին երկխոսության եզրեր գտնելու հարցում․ - «Գերմանիային հաջողվել է հաշտության եզրեր գտնել Իսրայելի հետ, լիակատար հաշտվել Ֆրանսիայի և Լեհաստանի հետ: Եվ մենք կարծում ենք, որ դա թեև դժվար, բայց հնարավոր քաղաքական ճանապարհ է, որով կարող են գնալ նաև Հայաստանն ու Թուրքիան»:

Վաղը նախատեսված են Էդելգարդ Բուլմահնի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

XS
SM
MD
LG