Մատչելիության հղումներ

Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները փակուղի են մտնում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստամբուլյան համաժողովում, 23-ը մայիսի, 2016թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստամբուլյան համաժողովում, 23-ը մայիսի, 2016թ․

«Եվրամիությունը պետք է հրաժարվի Անկարայի լիիրավ անդամակցության շուրջ այս ողջ ֆարսը շարունակելու մտադրությունից», - գրում է բրիտանական Time-ը:

Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները կարծես վերջնականապես փակուղի են մտել: Սա են վկայում եվրոպական մի շարք մայրաքաղաքներից վերջին երկու օրերին հնչող հայտարությունները, որոնց հիմնական ուղերձը մեկն է` «Եվրամիության անդամ պետությունները պետք է առայժմ զերծ մնան ոչ միայն Թուրքիայի լիիրավ անդամակցության, այլև Անկարայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցն արծարծելուց»:

Նման առաջին ուղերձը հնչեց երկու օր առաջ Լոնդոնից: «Իմ կարծիքով՝ քիչ հավանական է, որ Թուրքիան մոտ ապագայում անդամակցի Եվրամիությանը: Թուրքերն անդամակցության հայտը ներկայացրել են դեռ 1987 թվականին: Թուրքիայի կողմից ներկայումս ցուցաբերվող առաջընթացի տեմպերը հաշվի առնելով, սակայն, Անկարան Եվրամիությանն անդամակցելուն լիարժեքորեն պատրաստ կլինի մոտավորապես 3000 թվականին», - բրիտանական ITV հեռուստաընկերության կիրակնօրյա եթերում հայտարարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:

Լոնդոնում լույս տեսնող Time-ի այսօրվա խմբագրականում ևս կոշտ քննադատություն է հնչեցվում թե' պաշտոնական Անկարայի և թե' Եվրամիության ղեկավարների հասցեին: «Եվրամիությունը պետք է հրաժարվի Անկարայի լիիրավ անդամակցության շուրջ այս ողջ ֆարսը շարունակելու մտադրությունից: Թուրքիան չափազանց մեծ, չափազանց բնակեցված և չափազանց վատ կառավարվող երկիր է [Եվրամիությանն անդամակցելու համար], - գրում է բրիտանական պարբերականը:

Գրեթե նույնատիպ տրամադրություններ են տիրում նաև Գերմանիայի քաղաքական վերնախավում: Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Ստամբուլի Համաշխարհային մարդասիրական ֆորումի շրջանակում անցկացրած բանակցություններից հետո Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում էր․ - «Բնական է, որ մենք քննարկեցինք Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հեռանկարները և առաջ քաշված նախապայմանների կատարումը: Ես մեկ անգամ ևս հստակորեն հայտարարեցի, որ ազատ վիզային ռեժիմի հաստատման համար հարկավոր է կատարել դեռ 2013-ի դեկտեմբերին առաջ քաշված թվով 72 պահանջները: Ակնհայտ է, սակայն, որ այս բոլոր նախապայմանները առաջիկա շաբաթներին գոնե չեն կարող կատարվել, եթե, իհարկե, Թուրքիան չփոխի ահաբեկչության դեմ պայքարին միտված իր օրենսդրությունը»:

Գերմանիայի դաշնային կանցլերի հայտարարություններից պարզ դարձավ, որ Անկարայի և Եվրամիության միջև առկա գլխավոր տարաձայնությունները վերաբերում են հենց ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով քաղաքական հակառակորդների` նախևառաջ քրդերի շահերը ներկայացնող ուժերի և գործիչների իրավունքների ոտնահարմանը:

«Թուրքիան պետք է անկախ արդարադատության համակարգ, անկախ մամուլ և ուժեղ խորհրդարան ունենա: Իհարկե, խորհրդարանի անդամների մեկ քառորդին անձեռնմխելիությունից զրկելու [մայիսի 20-ին կայացված] որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ես դա հստակորեն ասացի Թուրքիայի նախագահին, և մենք շատ բաց քննարկում ունեցանք այս թեմայով: Մենք շարունակելու ենք հետևել հետագա զարգացումներին, սակայն մեկ իրողություն ակնհայտ է` իմ կողմից բարձրաձայնված հարցերը շարունակում են մնալ առանց հստակ պատասխանի», - նշում էր Մերկելը:

Գերմանիայի դաշնային կանցլերի Ստամբուլ այցի ֆոնին Բեռլինի դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Թուրքիայի քաղաքացիները առանց վիզաների Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորություն կստանան լավագույն դեպքում 2017 թվականին: Այս մասին, վկայակոչելով Bild օրաթերթի հրապարակումը, այսօր տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG