Մատչելիության հղումներ

Գառնեցիները սպասում են կառավարության ծրագրի դադարեցման պաշտոնական որոշմանը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցում է գառնեցիների հետ: 21-ը մայիսի, 2016 թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցում է գառնեցիների հետ: 21-ը մայիսի, 2016 թ․

«Իհարկե, ինքը դեռ փաստաթղթավորման փուլ պետք է անցնի, որովհետև վարկավորման այդ ծրագրով երկկողմ պայմանավորվածություն է: Ըստ էության, հիմա Հայաստանի կառավարությունը միակողմանի է հայտարարել դադարեցման մասին», - այսօր հայտարարեց Գառնիի բնակիչ Սառա Պետրոսյանը:

Գառնեցիները և բնապահպաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ չեն կասկածում երկրի վարչապետի խոստմանը, սակայն Ազատ գետի ջուրը Արարատի մարզի 12 գյուղերի համար տանելու, իրենց բնորոշմամբ՝ ազգակործան ծրագրի դադարեցման մասին որոշումը պետք է լինի երկկողմանի՝ Հայաստանի կառավարության և ծրագիրը ֆինանսավորող Համաշխարհային բանկի կողմից։

«Նրանք երևի հասկացան, որ մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ: Հավանաբար նրանք չեն գնա ուրիշ ճանապարհներով: Միևնույն է, ինչ ճանապարհով էլ գնան, թույլ չենք տալու, դա կյանքի ու մահու խնդիր է», - վստահեցրեց գառնեցի Արուսյակ Այվազյանը:

«Մարդը եթե բանավոր ժողովրդին ասում է, և այդ մարդը Հայաստանի վարչապետն է, ինքը, իրենց լեզվով ասած՝ տղավարի ոնց որ հետ է կանգնում, դա իրենց շրջապատում ոչ-ընդունելի տարբերակ է», - նշեց բնապահպան Լևոն Գալստյանը:

Ասուլիսին Համաշխարհային բանկից ներկայացուցիչներ չէին եկել՝ պատճառաբանելով, որ բանկի վաշինգտոնյան գրասենյակում քննարկում են ստեղծված իրավիճակը։ Հավելել էին նաև, որ այս պահի դրությամբ ծրագիրը պաշտոնապես դադարեցված չէ։

Սառա Պետրոսյանը նշեց, որ դեռ մայիսի սկզբին 500-ից ավելի ստորագրությամբ նամակ էին ուղարկել ֆինանսավորող կազմակերպության վաշինգտոնյան գրասենյակ՝ պնդելով, որ ծրագրի մեկնարկը տրվել է խախտումներով, հաշվի չի առնվել տեղի բնակչության կարծիքը․ - «Հիմնավորումները բերելուց բացի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, ինչով ընդունելի չէ, մենք նաև ներկայացրել էինք մի շարք առաջարկներ, որպեսզի տնտեսապես իրենք գտնեն մի շահավետ տարբերակ Ազատի ջրամբարից այդ ջուրը վերցնելու, օգտագործելու առումով: Գուցե իրենք այլ առաջարկներ ունենան»:

Ոռոգման համակարգի կառուցման ծրագրի համար ծախսվելու էր 10 միլիոն դոլար։

Գառնեցիներն ու բնապահպանները շարունակում են պնդել, որ այս ծրագիրը լուրջ բնապահպանական վտանգներ կունենար արժեքավոր հուշարձաններ ունեցող Գառնիի համար: Նրանք համոզված են, որ ծրագիրն իրականացվում էր հանուն որոշ պաշտոնյաների հողատարածքների:

«Կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետը, Նարեկ գյուղում նա ունի 120 հեկտար հողատարածք: Այնտեղ փաստված է, որ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ունի հողեր, Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը ունի հողատարածքներ: Քաղցրաշեն գյուղում վարչապետը ունի 80 հեկտար», - պնդեց Սառա Պետրոսյանը՝ հավելելով, որ սա միայն իրենց ունեցած տեղեկատվությունն է:

Բնապահպան Լևոն Գալստյանը, ով ուսումնասիրել է Ազատ գետի ջրային պաշարները և համոզվել, որ ծրագրի հեղինակների պնդումները, թե գետի ջուրը ոռոգման յոթ ամիսներին կբավարարի Արարատի 12 գյուղերին, իրականությանը չեն համապատասխանում, ասաց․ - «Մարդիկ այսօր կառավարում են պետություն, կառավարում են երկիր՝ չհասկանալով, որ Հայաստանի նման փոքր երկրում բնապահպանական ցանկացած հարց կարող է վերածվել երկրի պահպանության հարցի: Եվ առանց հասկանալու տարբեր տեսակի բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Հայաստանում, որոնք տարիներ անց բերում են լուրջ էկոլոգիական և սոցիալական խնդիրների»:

Այս ծրագիրը միակը չէ, որ դադարեցվում է հասարակության պայքարի արդյունքում: Այդուհանդերձ որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել սխալ որոշման կամ ծրագիրը խախտումներով հաստատելու համար:

Լևոն Գալստյանն ասաց, որ իրենք մի քանի անգամ դիմել են իրավապահ մարմիններին՝ այդ հարցերով քրեական գործեր հարուցելու պահանջով, սակայն դրանց ընթացք չի տրվել․ - «Օրինակ, վերջին գործը, որը վերաբերում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայիս նախագահին և նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, մենք հստակ հաղորդում ենք տվել հանցագործության մասին, որ նախարար եղած ժամանակ ինքը և իր աշխատակիցները ստորագրել են Արարատյան արտեզյան ավազանի ջրօգտագործման թույլտվությունների տակ, ինչի արդյունքում տրվել են թույլտվություններ ձկնաբուծարաններին, և Արարատյան արտեզյան ավազանը կանգնել է ոչնչացման եզրին: Այդ հաղորդումը մենք տվել ենք անցած տարի հուլիս ամսին, վերջին անգամ պատասխան ենք ստացել օգոստոսին, որ՝ ձեր գործը կցվել է ինչ-որ արդեն եղած քրեական գործի․․․ Առ այսօր ուրիշ ոչ մի պաշտոնական պատասխան չունենք»:

XS
SM
MD
LG