Մատչելիության հղումներ

logo-print

Կալանավորվել են տրանսպորտի և կապի նախարար Բեգլարյանի թիկնապահները


Արխիվ -- Գագիկ Բեգլարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 10-ը հունիսի, 2013թ․

Արխիվ -- Գագիկ Բեգլարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 10-ը հունիսի, 2013թ․

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորված են, այս մասին «Ազատությանը» այսօր հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Տեղի է ունեցել ծեծկռտուք, որի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կան ձերբակալված և կալանավորված անձինք, այդ թվում նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել, նախաքննությունը կատարվում է Քննչական կոմիտեի կողմից»,- ասացին Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից:

Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում՝ մայիսի 16-ին, ժամը 16:30-ի սահմաններում, և վիճաբանության ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժողներից մեկին՝ Հ. Պետրոսյանին պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, 5 անձի՝ Արա Կարախանյանին, Ս.Վարդանյանին, Վ.Սարգսյանին, Հ.Շմոյանին և Վ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Առաջին չորսը դատարանի որոշմամբ կալանավորված են, ձերբակալված Վ. Մկրտչյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, բացի այդ՝ Արսեն Կարախանյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

«Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մեղադրյալների տվյալները, ով որտեղ է աշխատում: Այս պահի դրությամբ ունենք միայն մեկի տվյալները՝ աշխատում է Տրանսպորտի և կապի նախարարությունում՝ որպես վարորդ։ Խոսքը Սուրեն Վարդանյանի մասին է: Նախարարությունում ձևակերպված է որպես վարորդ: Նրան մեղադրանք է առաջադրվել բռնություն գործադրելու համար», - նշեց Տռուզյանը:

«Ազատության» հարցին՝ Տրանսպորտի և կապի նախարարն ի՞նչ առնչություն ունի միջադեպին, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը պատասխանեց․ - «Տեղի ունեցած միջադեպին նրա մասնակցության կամ առնչության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը որևէ տվյալ չի ստացել»:

Նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր չցանկացավ պատասխանել «Ազատության» հարցերին: Ավելի ուշ՝ Տրանսպորտի և կապի նախարարության կայքում հաղորդագրություն հրապարակվեց, որում, մասնավորապես, ասվում է․ - «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի»:

Սա առաջին դեպքը չէ, որ Գագիկ Բեգլարյանի անունը կապվում է ծեծկռուքի հետ: 2010թ․ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ նա ծեծի է ենթարկել հանրապետության նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին: Լրատվամիջոցները գրեցին, որ ծեծին մասնակցել են նաև Բեգլարյանի թիկնապահները:

Հայաստանի նախագահի այն ժամանակվա մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն «Ազատության» հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ Գագիկ Բեգլարյանը ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Ընդ որում, Արզումանյանի պնդմամբ՝ նախագահի համար այդպիսի վարքագիծն անընդունելի և անհանդուրժելի է:

Դեպքից հինգ օր անց՝ դեկտեմբերի 8-ին Բեգլարյանը, ով այդ ժամանակ Երևանի քաղաքապետն էր, հրաժարականի դիմում ներկայացրեց: Սակայն չնայած այդ հրապարակումներին ու նախագահի խոսնակի հայտարարությանը, որևէ մեկը այդպես էլ քրեական պատասխանատվության չենթարկվեց, իսկ Գագիկ Բեգլարյանը իր հրաժարականից ընդամենը մեկուկես տարի անց Սերժ Սարգսյանի կողմից նշանակվեց ներկայիս պաշտոնին:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, Հայաստանում նորմալ երևույթ է դարձել, որ օլիգարխները, պաշտոնյաները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ բարձրագույն իշխանությանը մատուցած տարաբնույթ ծառայությունների դիմաց․ - «Մի խումբ մարդիկ կան, որոնք ընտրությունների փուլում այնպիսի լուրջ ծառայություններ են մատուցում երկրի իշխանություններին, որ դրանով գնում են իրենց՝ օրենքից դուրս և օրենքից վեր լինելու իրավունքը: Բեգլարյանը էդ մարդկանց թվին է պատկանում»:

XS
SM
MD
LG