Մատչելիության հղումներ

Բունդեսթագի փոխնախագահ․ Ցեղասպանության մասին բանաձևը փորձ է՝ իրերը կոչել իրենց անուններով


Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը ծաղկեպսակ է տեղադրում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Երևան, 24-ը մայիսի, 2016թ․
Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը ծաղկեպսակ է տեղադրում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Երևան, 24-ը մայիսի, 2016թ․

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին են անդրադարձել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Էդելգարդ Բուլմահնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ ճանաչելով և դատապարտելով 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը՝ կանխվում է մարդկության դեմ հնարավոր նոր ցեղասպանությունների իրագործումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում շրջանառվող բանաձևին՝ Բուլմահնը նշել է, որ դրանում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում: Նա կարևորել է Գերմանիայի՝ պատմության հետ առերեսումը, պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես եղել է Հոլոքոսթի զոհերի հարցում: Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ բանաձևում առկա ուղերձները նաև Թուրքիային են ուղղված:

Շարմազանովը ներկայացրել է ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մանրամասները` նշելով, որ այն ուղեկցվել է ռազմական մի շարք հանցագործություններով. խոշտանգվել են ոչ միայն զինվորականներ, այլև խաղաղ բնակիչներ: Ազգային ժողովի նախագահը հյուրին է փոխանցել այդ փաստերը հավաստող նյութեր, որոնց մի մասը տեղ է գտել հենց ադրբեջանական մամուլում: Նա նշել է, որ տեղի ունեցած խոշտանգումները հիշեցնում են Օսմանյան Թուրքիայի և ԴԱԻՇ-ի [«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման] ձեռագիրը:

Հանդիպման մասնակիցները դրական են գնահատել օրեր առաջ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Էդուարդ Շարմազանովը կարևորել է բանակցությունների վերսկսման համար շփման գծում հետաքննության և վստահության մեխանիզմների առկայությունը և հույս հայտնել, որ այս հարցում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ի նախագահող երկիր, հետևողական կլինի:

Էդելգարդ Բուլմահնը կարևորել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը և Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա և կյանքի կկոչվեն:

Նույն օրը Բունդեսթագի փոխնախագահը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է տեղադրել, ապա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել է հայ ժողովրդի ողբերգությունը փաստող վավերագրերին: Այցի ավարտին նա գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Տպավորված եմ թանգարան կատարած իմ այցից և ցավում եմ այն բոլոր տառապանքների համար, որ կրել է հայ ժողովուրդն այդ տարիներին: Ես՝ որպես Բունդեսթագի ներկայացուցիչ, պետք է ավելացնեմ նաև Գերմանիայի պատասխանատվության հարցը. մեր խորհրդարանը ջանում է իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել կատարված իրադարձությունների վերաբերյալ և այդպես կանխարգելել նույնատիպ հանցագործությունների կրկնությունը», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդելգարդ Բուլմահնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG