Մատչելիության հղումներ

Բաքուն ամեն ինչ անելու է՝ նահանջելու ձեռք բերված պայմանավորվածությունից․ վերլուծաբան


Հակոբ Բադալյան, արխիվ

Հակոբ Բադալյան, արխիվ

Հակոբ Բադալյանի խոսքով՝ կրակելուց բացի, Բաքուն որևէ այլ գործիքակազմ ղարաբաղյան կարգավորման գործընթացում չունի։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, ընդամենը վկայում է, որ հակամարտող կողմերը շարունակում են մնալ դիվանագիտական դիրքային պայքարում, այսինքն՝ «փորձում են ինչ-որ ավելի նպաստավոր դիրքերի գալ»։

«Բայց, ընդհանուր առմամբ, ակնհայտ էր, որ Ադրբեջանը չի գնալու կրակի դադարեցման, հրադադարի ամրագրման մեխանիզմի շուրջ պայմանավորվածության, որովհետև այդ մեխանիզմի ներդրումը Բաքվի համար հավասարազոր է պարզապես դիվանագիտական պարտության, այսինքն՝ կրակելուց բացի Բաքուն որևէ այլ գործիքակազմ Արցախի կարգավորման գործընթացում չունի, և այս առումով զարմանալի չէ, որ Բաքուն ամեն ինչ անելու է՝ նահանջելու ձեռք բերված պայմանավորվածություններից։ Մի տեղ գլխով կանի, մի տեղ բանավոր կասի՝ այո, բայց հետո կհրաժարվի, այստեղ զարմանալու բան չկա», - ասաց վերլուծաբանը։

Հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում երեկ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության թանաքը չչորացած՝ Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել»։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ՝ սևով սպիտակի վրա արձանագրված են այն հանձնառությունները և պայմանավորվածությունները, որոնք ստանձնել են կողմերը։

Բադալյանի խոսքով, ամբողջ հարցը հետևյալն է՝ հայկական դիվանագիտությունը կարողանալո՞ւ է արդյոք այդ իրավիճակից, Բաքվի այդ մարտավարությունից, նախ՝ Հայաստանի համար դիրքային առավելություն ստանձնել, և երկրորդը՝ հասնել նրան, որ Բաքվին իսկապես պարտադրվի այդ մեխանիզմի ներդրումը։

Օրերս Վիեննայից վերադառնալիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օդանավում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ տարածք», և որ «այդ տարածքները ռազմավարական կամ մարտավարական առումով որևէ նշանակություն չունեն»։

Անցած ուրբաթ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ տվեց «չծանրանալ» կորսված տարածքների խնդրի վրա՝ «ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող, ամայի տարածք» կոչելով հողերը, որոնց պաշտպանության համար հայկական կողմը ապրիլի սկզբին շուրջ հարյուր զոհ տվեց:

Երեկ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց. - «Թաքցնելու բան չկա՝ եղել է զորքերի տեղաշարժ, որը որ այսօր գտնվում է Պաշտպանության բանակի ողջ անձնակազմի՝ տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և, կարծում եմ, որ բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը որ կվերաբերվի նաև այդ տարածքներին»: «Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այնպես էլ այդ տարածքները, իհարկե, չենք կարող մոռանալ», - ասաց նախարարը:

Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ ամեն կերպ փորձ է արվում այդ կորստի նշանակությունը նվազեցնել, որ չստացվի, թե ադրբեջանցիներն ինչ-որ հաջողության հասել են և այլն։ «Բայց այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ լղոզվում է պատասխանատվության խնդիրը: Այսինքն՝ այն, որ պատերազմական վիճակում կարող են լինել նման կորուստներ՝ կա՛մ ժամանակավոր, կա՛մ, չգիտեմ, դիրքային և այլն, այստեղ զարմանալի կամ անհավանական, անհնարին, բացարձակ մերժելի, ըստ էության, հարց չկա, խնդիրը պատասխանատվության մեխանիզմն է, որից պաշտոնական Երևանը խուսափում է և փորձում է խուսափել այդ անորոշ հայտարարություններով՝ Սերժ Սարգսյանը մի բան է ասում, Հանրապետական կուսակցությունը մեկ այլ բան է ասում, պաշտպանության նախարարությունը մեկ ուրիշ բան է ասում, Արցախի իշխանությունը բոլորովին այլ բան է ասում», - ընդգծեց վերլուծաբանը՝ եզրակացնելով․ - «Այսինքն՝ այս անորոշ վիճակը կա՛մ կարող է վկայել այդ մասին, որ Երևանը պարզապես չի ուզում քարոզչական առումով խոստովանել որևէ թեկուզ մետրերի կորուստ, կա՛մ վկայում է այն մասին, որ այստեղ իսկապես կատարվել են բաներ, որոնք ամենևին միարժեք վերաբերմունքի չեն արժանանում հենց իշխանության իսկ ներսում»:

XS
SM
MD
LG