Մատչելիության հղումներ

ԱԺ-ում շրջանառության մեջ մտած հարկային նոր օրենսգրքի ընդունման դեպքում 2018թ-ից 204,000-ից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները կսկսեն 2-ից 7 տոկոսով ավելի շատ հարկեր վճարել․ այս միջակայքում աշխատավարձ ստացողներից է նաև ՏՏ ոլորտում աշխատող Գևորգ Գորգիսյանը, ով մեզ հետ զրույցում պնդեց, որ օրենքն ուղիղ հարվածում է այն մարդկանց, ովքեր այսօր համարվում են միջին խավ, ունեն լավ աշխատանք, քիչ թե շատ բարձր աշխատավարձ ու փորձում են կայանալ սեփական երկրում:

«Հիմա ես իմ գործատուի հետ ունեմ պայմանագիր, որով ստանում եմ կոնկրետ աշխատավարձ: Երբ հարկային բեռը ավելանում է, գործատուն այլևս պարտավոր չէ իմ աշխատավարձը վերանայել, և արդյունքում իմ եկամուտները նվազելու են», - ասում է նա:

Ըստ օրինագծի՝ չնչին չափով նվազում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից դառնալով 23 տոկոս: Փոխարենը՝ 120.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում ներկայիս 26 տոկոսը կաճի՝ տատանվելով 28-ից 33 տոկոսի միջակայքում: Ամենաշատը կտուժեն 1 միլիոնից 2 միլիոն ստացողները: Գործող օրենքով նրանց աշխատավարձը հարկվում է 26 տոկոսով, նոր օրենքի կյանքի կոչվելուց հետո հարկը կաճի 7 տոկոսով:

«Եթե հաշվի առնենք, որ 18 թվից ուժի մեջ է մտնում նաև կուտակայինը, արդեն ստացվում է՝ իմ աշխատավարձը 40 տոկոսով պիտի նվազի, մոտ 40 տոկոս հարկ ես պիտի վճարեմ: Կոնկրետ գործում են միջին խավի դեմ՝ փորձելով միջին խավին ծնկի բերել», - ասում է Գորգիսյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե օրինագծին քաջատեղյակ տնտեսագետները, հաշվապահները պնդում են, որ փաստաթղթի միջոցով փորձ է արվում «ոչնչացնել» միջին խավը, Պետական եկամուտների կոմիտեից հակադարձեցին, թե «նախագծով առաջարկվող եկամտային հարկի դրույքաչափերը ոչ միայն չեն խոչընդոտի միջին խավի ձևավորումը, այլև ուղղակիորեն կնպաստեն դրան»: Թե ինչպե՞ս՝ ՊԵԿ-ից ստացված գրավոր պատասխանը չի մանրամասնում: Փոխարենը պարզաբանում են, թե նոր դրույքաչափով նվազում է աշխատողների շուրջ 85 տոկոսի հարկային բեռը՝ հիմնավորելով, թե 595 հազար աշխատողների մեծ մասը՝ 508 հազարը ստանում է մինչև 204 հազար դրամ աշխատավարձ:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանը, ով մասնակցել է հարկային օրինագծի քննարկմանը, հիշեցնում է, որ դեռ անցած տարի աշնանը Կառավարությունը հավանություն էր տվել ավելի ցածր՝ 20 տոկոսի չափով դրույքաչափով միասնական եկամտահարկին՝ հիմնավորելով, թե այն կնպաստի աղքատության կրճատմանը, զբաղվածության ընդլայնմանը: Իսկ այսօր ԱԺ-ի քննարկմանը ներկայացված անհամեմատ բարձր դրույքաչափերով սանդղակը, որը, ըստ Թադևոսյանի, անգամ քննարկման առարկա չի եղել, ճիշտ հակառակի մասին է խոսում: Ավելին՝ 2018 թվականից ուժի մեջ մտնող օրենքը կազմվել է այսօր գործող աշխատավարձերի ֆոնին՝ հաշվի չառնելով մի շարք կարևոր հանգամանքներ:

«Հաշվի առնելով, որ 18 թվականից է ուժի մեջ մտնում, այսինքն՝ այդ ցուցանիշը էական բարձրանալու է: Մշակողները նայում են էս պահի դրությամբ, բայց քանի որ երկու տարի հետո է ուժի մեջ մտնելու, պետք է նայել էդ պահի դրությամբ ինչպե՞ս է բեռը ազդում և որքանո՞վ է ավելանում», - ասում է նա:

Եթե իշխանություններն առաջնորդվեցին պրոգրեսիվ հարկով, մասնագետի համար անհասկանալի է դառնում՝ ինչու է այդ դեպքում երեք տոկոսով իջնում, այսինքն՝ 36-ից 33 տոկոս դառնում 2 միլիոնից ավելի աշխատավարձ ստացողների եկամտահարկը:

Ի դեպ, հարկային նոր փոփոխությունների հետևանքով՝ ծննդաբերության միանվագ նպաստը միջին խավի դեպքում կգերազանցի 1 միլիոն դրամը, ուստի այն կհարկվի ոչ թե 26, այլև 33 տոկոսով:

«Ստացվում է՝ տարիներ շարունակ այս մասով քաղաքականությունը ուղղորդված է հղիության, ծննդաբերության նպաստ ստացողների եկամուտների կրճատմանը: Գոնե նախագծից կարելի է այդպիսի հետևություն անել», - ասում է Փայլակ Թադևոսյանը:

XS
SM
MD
LG