Մատչելիության հղումներ

Օհանյանը և ԱՄՆ բարձրաստիճան զինվորականները քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը


Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ (Բեն) Հոջեսի և ԱՄՆ-ի Քանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, քննարկվել են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի և Քանզաս նահանգի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

«ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք նախագծերը, մասնավորապես` փոխգործակցելիության մակարդակի բարձրացման նպատակներով համատեղ վարժանքներ, պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին աջակցելու նպատակով Հայաստանի ստանձնած հանձնառությամբ բժշկական և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման մասնագիտացված ստորաբաժանումների պատրաստում և այլն», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի և Քանզասի Ազգային գվարդիայի համագործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանում այլ գործընկերների հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսին են խաղաղապահ գործողությունները և ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» ծրագիրը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: Ամերիկյան կողմը հայտնել է իր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների զարգացման ժամանակ կողմերի կրած մարդկային կորուստների կապակցությամբ, նշել, որ հավատարիմ է ԵԱՀԿ-ի [Մինսկի] խմբի գործընթացի միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG