Մատչելիության հղումներ

ԱԺ-ում ներկայացվեց 2015-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը


Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ` 2015-ին կանխատեսված 4,1 տոկոս աճի փոխարեն արձանագրվել է 3 տոկոս աճ` հիմնականում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության հաշվին:

«Տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, այն կրել է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող դրամական միջոցների կրճատման արդյունքում իրական տնօրինվող եկամտի նվազման, ինչպես նաև տնտեսությունում վարկավորման մակարդակի նվազման ազդեցությունը», - նշեց գանձապետը:

2015 թվականին բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1,2 տրիլիոն դրամ, ծախսվել է` մոտ 1,4 տրիլիոն: Ըստ հաշվետվության` աշխատավարձերն աճել են, առևտուրն ու սպառումը` նվազել: Արտաքին առևտուրը նվազել է 20 տոկոսով: 2015 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 5,8 միլիարդ դոլար, ինչը կազմում է համախառն ներքին արդյունքի 41 տոկոսը:

Ջանջուղազյանը շտապեց փարատել ներկաների մտահոգությունները. - «Հայաստանը շարունակում է գտնվել նվազ պարտքի բեռ ունեցող երկրների ցանկում: Այդ տեսակետից պետական պարտքը դեռևս իր մեջ ռիսկեր չի պարունակում, ինչը, իհարկե, ամենևին չի նշանակում, որ մենք չենք քննարկում կամ չենք դիտարկում պետական պարտքի հետ կապված հնարավոր ռիսկերը»:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց` ստացվում է Հայաստանի տնտեսական ցուցանիշները հիմնականում արտաքին ազդակներից են կախված, և հարցրեց. - «Ինչպիսի՞ բացասական ազդեցություն ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը մեր ընդհանուր տնտեսության վրա»:

Ջանջուղազյանն արձագանքեց. - «Ինչ վերաբերում է ազդեցության բացասական գնահատականին` ես չունեմ այդպիսի համապարփակ գնահատական, առավել ևս գնահատական, որ դա բացասական է եղել կամ դրական»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը միայն կես ժամ լսեց բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, ապա հեռացավ ծառայողական ելքով` խուսափելով լրագրողների հետ շփումից:

Վարչապետից քիչ հետո դահլիճը ետնամուտքով լքեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Միայն մի քանի պատգամավոր և Կառավարության ներկայացուցիչ մնացին պետության անցած տարվա եկամուտների և ծախսերի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG