Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Թուրքիան իրական սպառնալիք է տարածաշրջանի համար


Լուսանկարը՝ ԱԺ աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ աշխատակազմի լրատվականի

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը նման հայտարարություն է արել երեկ Աթենքում Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ հանդիպման ժամանակ:

«Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլև 23 տարի ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը և բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նա նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի համար անվտանգությանն առնչվող հարցերը համարվում են առաջնային:

Դատապարտելով ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը հավելել է, որ Թուրքիան միակ երկիրն էր, որն այդ օրերին բացեիբաց սատարում էր Ադրբեջանին: Շարմազանովը տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա խոսքով, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով: «Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսևորում են»,- նշել է Ազգային ժողովի փոխխոսնակը:

Պանոս Կամենոսը իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովին նախորդ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունած՝ Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ:

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա անընդունելի է համարել հիմնախնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ:

Հանդիպման ավարտին Շարմազանովը պարգևատրել է նախարարին հայ-հունական երկկողմ կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար:

Նույն օրն Էդուարդ Շարմազանովը և Պանոս Կամենոսն այցելել են Սինտագմա հրապարակ, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին:

Կիրակի օրը Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը նաև մասնակցել է Պոնտոսի հույների և հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Աթենքի Օլիմպիական Զևսի հրապարակում՝ Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո:

Իր ելույթում Շարմազանովը, մասնավորապես, ասել է. - «Օսմանյան կայսրությունում և Քեմալական Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկը, որն անմեղ հույների կյանք է խլել: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ որպես երկու ազգերի ժառանգ, ում նախնիները ցեղասպանություն են վերապրել:

Մեկ դար առաջ հարյուր հազարավոր պոնտոսցի հույներ կոտորածի ենթարկվեցին թուրքական կառավարության կողմից, հազարավոր քրիստոնեական հուշարձաններ ոչնչացվեցին: Սա ոչ միայն հանցագործություն էր հույների, հայերի և ասորիների, այլև մարդկության հանդեպ:

Առայսօր քչերն են բարձրաձայնել քրիստոնյա ժողովուրդների դեմ Օսմանյան կայսրության գործողությունները դատապարտելու անհրաժեշտության մասին: Նրանց թվում է Հայաստանի Հանրապետությունը <...>: Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դարձավ աշխարհում հինգերորդ երկիրը, որը ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում և Քեմալական Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Դժբախտաբար, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր քաղաքականությունը: Ավելին՝ նա ոչ միայն հերքում է իր նախկին հանցագործությունները, այլև իրագործում է նորերը՝ բռնազավթելով Կիպրոսի տարածքի 38 տոկոսը և աջակցելով թե՛ «Իսլամական պետությանը» Մերձավոր Արևելքում, թե՛ ադրբեջանական ագրեսիային ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ:

Հարկավոր է գիտակցել, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված վայրագությունները, Մերձավոր Արևելքում գլխատումները, ինչպես նաև այժմ ԼՂՀ-ում Ադրբեջանի անմարդկային գործողությունները միևնույն ձեռագիրն ունեն:

Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, և երկակի ստանդարտների կիրառումն անընդունելի է: Հետևաբար, ես կոչ եմ անում համախմբվել ահաբեկչության, ֆաշիզմի և պանթյուրքիզմի դեմ: Ես կարծում եմ, որ միայն համախմբվածությամբ մենք կարող ենք դիմակայել և հաղթահարել մեր օրերի թալեաթների, քեմալների և հիտլերների սպառնալիքները: Ես կոչ եմ անում բոլորին՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության և մասնավորապես հույների ցեղասպանությունը, ինչպես նաև դատապարտել թուրքական ժխտողականության քաղաքականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG