Մատչելիության հղումներ

«Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այնպես էլ այդ տարածքները, իհարկե, չենք կարող մոռանալ», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարը:

«Թաքցնելու բան չկա», - ասաց Օհանյանը: - «Եղել է զորքերի տեղաշարժ, որը որ այսօր գտնվում է Պաշտպանության բանակի ողջ անձնակազմի՝ տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և, կարծում եմ, որ բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը որ կվերաբերվի նաև այդ տարածքներին»:

Նախարարը շարունակեց․ - «Ինչպես մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այնպես էլ այդ տարածքները, իհարկե, չենք կարող մոռանալ: Դրա համար էլ մենք ստեղծել ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որ վերահսկողությունը ազդեցության առումով, նախաձեռնողության առումով, կրակային խոցման առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքին է»:

Մինչդեռ անցած ուրբաթ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ տվեց «չծանրանալ» կորսված տարածքների խնդրի վրա՝ «ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող, ամայի տարածք» կոչելով հողերը, որոնց պաշտպանության համար հայկական կողմը ապրիլի սկզբին շուրջ հարյուր զոհ տվեց:

«Մեկ-երկու օրվա խնդիր էր այդ ամեն ինչը հետ վերադարձնելը, բայց դրա արդյունքները և դրա հետևանքները կարող էր շատ ծանր լինել: Հարկավոր է ավելի խորամիտ լինել և այդ հետևանքների մասին մտածել, ոչ թե այն հողը, որը ընդհանրապես որևէ ռազմավարական նշանակություն չունի, որի մասին ընդհանուր առմամբ մենք երկար ենք խոսել և դեռ պետք է շարունակենք խոսել», - նաև ասել էր Բաղդասարյանը:

Այն, որ քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմը Ադրբեջանին զիջել է 800 հեկտար տարածություն, բարձրաձայնեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ անցած շաբաթ Վիեննայից վերադառնալու ճանապարհին․ - «Հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա, ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»:

Երեկ «Ազատության» եթերում «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում կորսված տարածքների հարցին անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը՝ կոչ անելով ավելի ստույգ հաշվարկներ իրականացնել այդ տարածքների չափը որոշելու համար․ - «Չեմ գտնում, որ 800 հեկտարը, կամ 80 հեկտարը, կամ 1200 հեկտարը շատ մեծ նշանակություն ունեն կամ նշանակություն չունեն: Այսօր ավելի շատ հոգեբանական է՝ ինչպես ենք մենք գնահատում արդյունքները: Կոնկրետ ես գնահատում եմ արդյունքները, որ մեր Պաշտպանության բանակը կարողացել է կարճ ժամանակահատվածում ուշքի գալ, որովհետև ցանկացած առումով հարձակվողը ունի առավելություն, քանի որ հարձակվողն է թելադրում․․․ մեր բանակը կարողացավ շատ կարճ ժամկետում, ընդամենը կորցնելով 18-20 դիրք, հետո մի օրվա մեջ, ժամերի ընթացքում ուշքի գալ, ոչ միայն ուշքի գալ՝ կենտրոնանալ և կամաց-կամաց սկսել հետ գրավել, հետ վերցնել կորցրած դիրքերի մի մասը»:

XS
SM
MD
LG