Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանում Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի պատվիրակությունը


Տավուշի մարզի գյուղերից մեկը, արխիվ

Տավուշի մարզի գյուղերից մեկը, արխիվ

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությունը այսօր կժամանի Հայաստան՝ Տավուշի մարզի և Օ-դը-Սեն դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը վերակնքելու և համագործակցության շրջանակում իրականացվող գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ մինչև մայիսի 26-ը այցի ընթացքում պատվիրակությունը կմասնակցի Լուսաձորի պանրագործարանի ընդլայնված մասի բացման արարողությանը, կայցելի դեպարտամենտի աջակցությունը ստացած երկու միկրոֆերմա և առիթ կունենա շփվելու կոոպերատիվներում միավորված անասնաբույծների հետ։ Պատվիրակությունը կհանդիպի նաև դեպարտամենտի ֆինանսավորմամբ վերականգնված ոռոգման ջրանցքներից օգտվող ֆերմերների հետ՝ գնահատելու իրականացված ծրագրի ազդեցությունը բնակչության վրա։

Մայիսի 25-ին Օ-դը-Սեն դեպարտամենտի պատվիրակությունը կհանդիպի Տավուշի մարզպետին՝ ավելի քան 6 տարի շարունակվող համագործակցությունը քննարկելու համար։ Այս հանդիպման ընթացքում 2016-2020 թվականների համար կվերակնքվի համագործակցության համաձայնագիրը։ Նախորդ համաձայնագրի շարունակություն հանդիսացող նոր համաձայնագիրը կարժևորի մարզում կաթնարտադրության զարգացմանն ուղղված ջանքերը։

2008-ից սկսած Օ-դը-Սեն դեպարտամենտը աջակցում է Տավուշի մարզի անասնապահական ոլորտի զարգացմանը՝ Ֆրանսիայի Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի միջոցով։ Ավելի քան 4․2 մլն եվրո ներդրումներ են իրականացվել, Իջևանի հյուսիսում գտնվող 20 համայնքների մոտ 25 հազար շահառու է ներգրավված այս ծրագրում, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG