Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում երեկ մեկնարկել է Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովը


Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, արխիվ
Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, արխիվ

Երեկ Ստեփանակերտում մեկնարկել է Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ուղերձ են հղել համաժողովի մասնակիցներին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Տեղյակ եմ, որ Հանրապետական կուսակցության համաժողովի մասնակցության հրավերին արձագանքել են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են և ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ, սակայն պատրաստակամություն են հայտնել միասնաբար նախանշել ուղիներ հասարակության ներսում քաղաքական կուսակցությունների գործունեության, տեղեկատվության, քաղաքացիական հասարակության ու արտաքին կապերի, Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Համոզված եմ, որ նման ձևաչափը քաղաքական կուսակցություններին հնարավորություն կընձեռի ներկուսակցական դիրքորոշումների հիման վրա ամրագրել նաև միասնական համազգային դիրքորոշումներ: Առավել ևս, որ շաբաթներ առաջ Լեռնային Ղարաբաղի սահմանագծում ընթացող ռազմական գործողությունները հերթական անգամ ապացուցեցին համազգային միասնականության ներուժը և մեր ժողովրդի՝ ազատ ապրելու և այդ ազատությունը պաշտպանելու վճռականությունը»։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ուժեղ պետությունը պետք է ունենա ուժեղ բանակ և ազգային արժեհամակարգի հենքի վրա գործող ժամանակակից քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգեր: «Կրկին ողջունելով հայկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ համաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք», - ասել է նախագահը:

Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ասել է. - «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի անցկացումն Ստեփանակերտում կարևոր է և պահանջված, հատկապես՝ ներկա ժամանակահատվածում: Մեր կուսակցություններին բնորոշ է մի կարևոր յուրահատկություն. ունենալով տարբեր նպատակներ ու ծրագրեր, անդամներ ու համախոհներ՝ ճակատագրական և վճռորոշ պահերին նրանք կարողանում են համախմբվել համազգային գաղափարների շուրջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում և միասնական ուժերով լուծել առկա խնդիրները»: «Այդպես էր նաև ապրիլյան պատերազմի օրերին, երբ հայկական քաղաքական ուժերը դրսևորեցին սկզբունքային դիրքորոշում, ցուցաբերեցին օրինակելի միասնականություն, համախմբեցին հասարակությանը Արցախին սատարելու, մեր ժողովրդի և պետության անվտանգությունը թշնամու նենգ ոտնձգություններից պաշտպանելու համար», - Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ասել է Բակո Սահակյանը:

ԼՂ նախագահը նաև նշել է, որ մեծ է քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարական երկրների կյանքում: «Հայաստանում և Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ: Սփյուռքում գործում են մեր ավանդական կուսակցությունները, որոնք քաղաքական գործունեության հետ մեկտեղ մեծ աշխատանք են տանում նաև հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Դա լավ հնարավորություն է ստեղծում Հայաստան-Արցախ-Սփյուռք միջկուսակցական համագործակցության համար», - ասել է Սահակյանը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով ակտիվ ու արդյունավետ աշխատանք։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG