Մատչելիության հղումներ

Գործարարն այլևս Հայաստանում հեռանկար չի տեսնում


Աբգար Բարբարյան
Աբգար Բարբարյան

«Պետությունը ոչ մի կերպ չի նպաստում փոքր բիզնեսի զարգացմանը»,- դժգոհում է բիզնեսը կորցրած կահույքագործ Աբգար Բարբարյանը:

42-ամյա Աբգար Բարբարյանը Երևանի արվարձաններից մեկում կահույքագործության արհեստանոց է հիմնել։ Իր գործում մասնագիտացել է, ռեսուրսներ ու ժամանակ ծախսել, բայց տարիներ հետո եկել է այն եզրակացության, որ չափազանց փոքր շուկա և գործարարության համար «ոչ նպաստավոր խաղի կանոններ ունեցող» Հայաստանում փոքր բիզնեսն ընդլայնելու, միջոցներն ավելացնելու հնարավորություններ չկան։

Արդեն 5 ամիս է՝ կողպել է արհեստանոցի դռները, աշխատողին տուն ուղարկել և այժմ մտմտում է՝ ի՞նչ անի իր արհեստով փող վաստակելու համար։ «Էսքան արել-դրել եմ, չգիտեմ՝ վարձակալությունս շարունակե՞մ, թե՞ էս վեշ-վուշս հավաքեմ տանեմ, թե՞ գործիս առաջընթաց տամ... անիմաստ չարչարանքներ են վերջին հաշվով ստացվում»,- ասում է Աբգարը։

Անցած մոտ 10 տարիներին բիզնեսն ընդլայնելու փորձեր արել է, սակայն, իր խոսքով, երեք հիմնական խնդիրների առաջ է կանգնել. Հայաստանում հումքը շատ թանկ է, մասնագետները հիմնականում անպատրաստ են նոր տեխնոլոգիաներով աշխատելու համար, շուկան էլ խիստ սահմանափակ է։

«Մեր երկրում ցանկացած գործ, բացի սննդից, խիստ սեզոնային ա՝ երկու ամիս, չորս ամիս։ Բա տարվա էն մնացած մասը ինչո՞վ զբաղվեմ։ Ես տարիներ եմ ծախսել, ժամանակ եմ ծախսել, ինչ-որ մակարդակի եմ հասել իմ բնագավառում։ Ես հիմա սաղ էդ մի կողմ դնեմ, թազա մի հատ ուրիշ գործով զբաղվե՞մ, մինչև գործը նորից բացվի։ Էդ լուրջ խնդիրներ են»,- «Ազատության» հետ զրույցում ասում է Աբգար Բարբարյանը։

Կահույքագործը հաշվարկում է իր չորս հոգանոց ընտանիքի ծախսերն ու նշում՝ ամսական առնվազն 500 հազար դրամ է պետք նորմալ կենցաղ վարելու համար։ Սակայն, իր քիչ թե շատ կայացած բիզնեսով այդ գումարը աշխատել չի կարողանում։ Հայաստանի հարկային դաշտը որակում է որպես «խիստ կողմնակալ և անտարբեր»։ «Եթե քո ռամկեքի մեջ ես, կարաս գործես, բայց եթե ուզում ես քո ռամկեքից մեծանաս, ոնց ուզում ես ֆռռա, էլի գործիքներն իրենց ձեռքին են: Իրենք թույլ տան՝ կարաս ապրանք ներկրես, թույլ չեն տա՝ տուգանքների նենց ցանկ կա, որ չես կարա շարժվես։ Ամեն ինչը կենտրոնանում ա մի քանի հաջողակ բիզնեսմենների՝ լավ տղերքի շուրջը»։

Աբգար Բարբարյանի խոսքով, Հայաստանում «խարխուլ հիմքեր ունեցող» բիզնեսը ենթակա է բոլոր արտաքին ազդեցություններին։ Տնտեսական ու անգամ քաղաքական իրադարձություններից է կախված՝ բիզնեսը կոնկրետ շրջանում կծաղկի՞, թե՞ ոչ։ «Հոլանդիայում մի քանի տարի առաջ կառավարությունը 9 ամիս հրաժարական էր տվել, բայց մարդկանց փողոցում հարցնեիր, սկի տեղյակ չէին, իրենց կյանքի վրա չի անդրադառնում։ Մեզ մոտ ամեն ինչ էքստրեմալ ա։ Քաղաքական, տնտեսական ցնցումներ են լինում, խնդիրների առաջ ենք կանգնում, ընտրություններ են սկսվում, գործը ամիսներով կանգնում ա»,- համեմատում է գործարարը։

Նա ասում է, որ հիմա որևէ հեռանկար չի տեսնում Հայաստանում, պետությունն էլ ոչ մի կերպ չի նպաստում փոքր բիզնեսի զարգացմանը: «Մի հատ թող կրթության, գիտության նախարարությունը գրականություն ցույց տա՝ էս տարվա համաշխարհային տենդենցները, որ ես նայեմ. ո՞ւր ա տենց գրականություն։ Պետության խնդիրը մենակ էն չի, չէ՞, որ հարկեր հավաքի, վարձեր հավաքի, ինքն էլ պիտի պերսպեկտիվա առաջարկի, չէ՞, դրա համար մենք պետություն ենք պահում, հարկեր ենք վճարում»,- ասում է Բարբարյանը։ Անելանելի իրավիճակում հայտնված գործարարն այժմ բիզնեսը փրկելու վերջին ճիգերն է անում, որպեսզի ուրիշների նման ստիպված չլինի բռնել արտագաղթի ճանապարհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG