Մատչելիության հղումներ

logo-print

«Էսի մեր հողնա, մեր տերնա: Մենք էստեղ ենք մնալու». սիրիահայ գործարար


Սիրիահայ գործարարների ցուցահանդեսը Երևանում, 20-ը մայիսի, 2016թ․

Սիրիահայ գործարարների ցուցահանդեսը Երևանում, 20-ը մայիսի, 2016թ․

3.5 տարի առաջ Հայաստան տեղափոխված Ջորջ Խայաթը չի պատրաստվում հեռանալ Գերմանիա, Կանադա կամ Եվրոպա:

Սիրիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված Հրաչ Յափուջյանը 7 ամիս առաջ բիզնես է հիմնել Հայաստանում։ Հին ավտոմասեր է նորոգում ու վաճառում։ Սիրիայում 20 տարի զբաղվել է այս բիզնեսով, անգամ 20 աշխատատեղ ստեղծել ու նորացրած ավտոմասերն արտահանել։ Ասում է՝ Հայաստանում՝ ընդամենը մեկ աշխատող ունի. առայժմ կարողանում է վարկը մարել, սակայն փոքր շուկայի ու մեծ վարձավճարների պայմաններում կասկածներ ունի՝ բիզնեսը կհաջողի՞, թե՞ ոչ։

Հրաչ Յափուջյան

Հրաչ Յափուջյան

«Հոնդեղը տուներնիս անձնական էր, խանութները անձնական էր, վարձք չունեինք: Հիմա աստեղը արդեն խանութի վարձք, տունի վարձք, կոմունալ: Արդեն կհաշվես կոր՝ մի 200,000-ը ո՛չ կերանք, ո՛չ խմեցինք․․․ ադոր համար մի քիչ դժվարություն կա», - «Ազատության» հետ զրույցում պատմում է Յափուջյանը:

Այսօր գործարարն իր ապրանքանմուշները ներկայացրել էր Հայաստանի կառավարության ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Երևանում բացված ցուցահանդեսին՝ նոր գնորդներ գտնելու և կապեր հաստատելու հույսով։ Ցուցահանդեսի կազմակերպիչները վստահեցնում են, թե ժամանակին Սիրիայում հաջող բիզնես ունեցած սիրիահայերի համար սա լավ միջոց է՝ զարգացնելու գործը։

Մոտ 60 սիրիահայ գործարարներ էին մասնակցում այսօրվա ցուցահանդեսին։ Էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում բարձր գնահատեց սիրիահայ գործարարներին աջակցելու՝ Կառավարության ջանքերը։ - «Մենք ցուցաբերում ենք տարբեր ուղղություններով աջակցություն, և սա առաջիկայում ավելի ակտիվանալու է», - ասում էր Հովհաննիսյանը:

Էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյան

Էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյան

Փոխնախարարը շեշտում էր, որ Կառավարության սուբսիդավորման հաշվին արտոնյալ՝ ընդամենը 4 տոկոսով, առանց գրավի վարկ են տրամադրում սիրիահայերին։ Այդ վարկից, ըստ փոխնախարարի, արդեն 90 գործարար օգտվել է․ - «Գրավը տվել է հիմնադրամը և տոկոսադրույքը եղել է ընդամենը 4 տոկոս։ Սա աջակցություն է՞, թե՞ աջակցություն չէ։ Կարծում եմ՝ աջակցություն է և բավականին նշանակալի»:

Սակայն Սիրիայի՝ ձեռներեցության նպաստավոր պայմանները թողած գործարարները նշում են, թե Կառավարության արտոնյալ վարկը ոմանց համար օգտակար էր, շատերի համար՝ իսկական փորձանք։ 40-ամյա Շանթ Խայալյանը բնական հումքից օճառի արտադրություն է սկսել։ 5 միլիոն դրամի չափով 4 տոկոսանոց վարկ է ստացել։

Շանթ Խայալյան

Շանթ Խայալյան

«Կեսից ավելին արդեն մուծել եմ, բայց դուք ինձ հարցրեք՝ ես ո՞նց եմ մուծել, ինչե՞ր եմ կորցրել էդ մուծելու պահով։ Շատ-շատ բաներ։ Շատ ընկերներ, շատ բարեկամներ, ընտանիքներ, կապեր, վնասների մեջ եմ մտել։ Ստիպված եմ եղել բնակարանս փոխել՝ ավելի ոչ նպաստավոր տեղ գնալ։ Ընտանիքների մեջ լիքը հարցեր։ Մարդիկ կան, որ բաժանվել են իրարից, որովհետև վարկը վերցրել են և ուզում են փակվեն», - պատմում էր նա:

Խայալյանը մատնանշում է՝ վարկառու գործարարի համար Հայաստանում պայմանները նպաստավոր չեն։ Բիզնեսը դեռ ոտքի չկանգնեցրած, բանկն սկսում է տոկոսներ գանձել։ Հայաստանյան շուկային անծանոթ սիրիահայերը դժվարությամբ են իրացնում իրենց արտադրանքը. որոշ ամիսների սպառման հնարավորությունները նվազում են, տարվա մյուս հատվածներին՝ ավելի շահավետ դառնում։ Գործարար սիրիահայը նշում է, որ վարկ տվող կազմակերպություններն այս ամենը չեն հաշվարկում․ - «Վարկը մենակ փողը տալով չի վերջանում, պետք է բանկը շահագրգռված լինի, որ մեզ նաև շուկայական օգնություն տա, ծավալները մեծացնելու օգնություն տա: Ոչ թե՝ փողը տվեցինք, գլխիդ ճարը տես: Երբ որ ուշացնում ես՝ մինուսներ են անում, երբ որ շուտ ես վճարում՝ պլյուսներ չկա»:

Պատերազմի հետևանքով ապրուստի միջոցները կորցրած փախստականները, որ այստեղ ամեն ինչ զրոյից են սկսել, նշում են՝ կյանքը Հայաստանում Սիրիայի համեմատ կրկնակի թանկ է։

Ջորջ Խայաթ

Ջորջ Խայաթ

Ջորջ Խայաթը, ով 3.5 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան, ծանր տեխնիկայի պահեստամասեր ու հոսքագծեր է ներմուծում։ Ասում է՝ ընկերներից շատերը Հայաստան վերադառնալուց հետո դարձյալ հեռացել են՝ Եվրոպայում փնտրելով այն, ինչ այստեղ չեն գտել։ Բայց ինքը վարկեր չի վերցնում ու փորձում է վերջնականապես հաստատվել Հայաստանում։

«Սիրիա ի՞նչ արեցինք՝ 30-40 տարեկան էդ պապենական բիզնեսները թողեցինք մի րոպեում դուրս եկանք։ Գնանք էլի Կանադա, Գերմանիա, Եվրոպա՝ ո՞վ երաշխիք կտա: Էսի մեր հողնա, մեր տերնա: Մենք էստեղ ենք մնալու», - ասում էր գործարարը:

XS
SM
MD
LG